Կարևոր իրադարձություններ

«Հայաստանում նախկինում էլ շատ դեպքերում նախարարի գործը համարել են մենեջերություն»

25 Դեկտեմբեր, 2018 21:42
Հեղինակ՝ Ստյոպա Սաֆարյան
«Հայաստանում նախկինում էլ շատ դեպքերում նախարարի գործը համարել են մենեջերություն»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քանի որ Լիլիթ Մակունցի հայտարարության (ով էլ որ նշանակվի մշակույթի նախարար, կարևոր է, որ նա արվեստագետ չլինի) կապակցությամբ ֆեյսբուքում շարունակվում են բուռն բանավեճերը, ապա հետևյալ նկատառումները հայտնեմ.

-Եթե անգամ նույնիսկ մեծ վերապահումով ընդունենք, թե կարող են լինել արվեստագետներ, որոնք նախարարի պաշտոնում նշանակվելու դեպքում կողմնակալ կլինեն արվեստի իրենց ճյուղի կամ մտերիմների նկատմամբ, դա դեռ չի նշանակում, թե բոլոր արվեստագետներն այդպիսին են՝ թայֆաբազ: Եթե մեկը գող է, դա չի նշանակում, թե բոլորը գող են: Եթե մեկը՝ անբարոյական է, դա չի նշանակում, թե բոլորն են այդպիսին: Թայֆաբազությունը ամենևին կապ չունի մասնագիտացման հետ. թայֆաբազ կարող են լինել բոլոր մասնագիտությունների տեր անձինք, այդ թվում պրոֆեսիայով մենեջերները:

-Հայաստանում, նախկինում էլ շատ դեպքերում նախարարի գործը համարել են մենեջերություն: Անգամ վարչապետի պաշտոնն էին համարում մենեջերի պաշտոն՝ այդպիսին ներկայացնելով Կարեն Կարապետյանին ու նաև նրա նախորդներին: Եթե հետևենք Մակունցի այդ լոգիկային, վախենամ, մենեջերության տեսանկյունից բարձրացվի Փաշինյանի ու նրա ողջ կառավարության պրոֆպիտանիության հարցը՝ որպեսզի նախարարները իրենց ոլորտներից չլինեն ու ըստ այդմ՝ թայֆաբազությունը բացառվի, ու պրոֆեսիոնալ մենեջեր լինեն: Մակունցի տրամաբանության տեսանկյունից ողջ կառավարությանը պետք է տուն ուղարկենք՝ Արսեն Թորոսյանը բժիշկ է, հետևաբար կարող է թայֆաբազ լինել, Արայիկ Հարությունյանն էլ կրթության հարցերով է զբաղվել, ուրեմն կրկին պետք է տուն ուղարկվի, ու այսպես շարունակ: Դեհ, ահագին մարդիկ էլ՝ նախարար ու փոխնախարար, մենեջերության փորձ չեն ունեցել նախկինում... Բայց լավ է, որ Մակունցի տրամաբանությունը չենք ընդունում...

-Նախարարությունը, իհարկե, խոշոր հաշվով կարող ենք համարել մեծ գրասենյակ, որը մենեջմենթի կարիք ունի: Բայց նախարար չեն նշանակվում միայն նախարարությանը ղեկավարելու համար, այլ ոլորտն ու այդ ոլորտի քաղաքականությունը մշակելու, իրականացնելու ու համակարգելու համար: Այլ զարգացած երկրներ, որի օրինակ բերում է Մակունցը, որտեղ նախարարներ նշանակվում են քաղաքական գործիչներ, ի թիվս այլ պարամետրերի, Հայաստանից տարբերվում են առնվազն նրանով, որ այդ երկրներում ավելի լավ, քան Հայաստանում, ձևակերպված է մշակութային քաղաքականութունը, դրա հայեցակարգը, նպատակները: Հայաստանի անցած բոլոր ընտրություններում, կարող եք բացել քաղաքական ուժերի ծրագրերը կամ անգամ կառավարությունների ծրագրերը, քաղաքական ուժերի ծրագրերում դուք այս ոլորտի որևէ կոնցեպտուալ խոսք չեք հանդիպի: Գոնե ես ընտրություններին հետևում եմ 1998-ից սկսած ու որևէ մեկի ծրագիրը մշակույթի ոլորտում ինձ հակառակ պնդումն անելու հիմք չի տվել: Լավագույն դեպքում դանցում ինչ-որ երևացող կամ քիչ երևացող խնդիրների հիշատակում ու դրանք լուծելու անհրաժեշտություն է եղել: Այդպիսի երկրներում, իհարկե, նշանակվող նախարարը շարունակում է այս կամ այն չափով արդյունավետ աշխատեցնել արդեն իսկ գործողմշակութային քաղաքականության մեքենան: Հայաստանում այն, ցավոք սրտի, նոր պետք է մշակվի: Հետևաբար, սա առավել քան անհրաժեշտ է դարձնում, որ տվյալ կամ այլ նմանատիպ ոլորտում նախարար կամ գերատեսչության ղեկավար նշանակվի կամ աշխատի ոլորտի կատարյալ գիտակ, պրոֆեսիոնալ փորձագետ կամ գործիչ, որը, այո, ունի նաև մենեջերության կարողություններ ու պոտենցիալ:

Չեմ կարծում, թե սեփական նշանակումն արդարացնելու ու հիմնավորելու համար կարելի էր այսպիսի անհաջող միտք ձևակերպել»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին