Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    482

  • EUR

    534
    542

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

Ջերմուկ համայնքի տարածքում արգելվել է մետաղական հանքարդյունաբերությունը. ՀԲՃ

25 Դեկտեմբեր, 2018 15:22
Ջերմուկ համայնքի տարածքում արգելվել է մետաղական հանքարդյունաբերությունը. ՀԲՃ

Ուղիղ ժողովրդավարության սկզբունքը հերթական հաջողությունը գրանցեց Հայաստանում։ Ջերմուկ խոշորացված համայնքի ավագանին 2018 թվականի դեկտեմբերի 18-ին որոշում է ընդունել, որով հավանություն է տվել համայնքի բնակիչների կողմից համայնքի ավագանուն ներկայացրած կոլեկտիվ հանրագրում նշված «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» առաջարկությանը: Այս մասին հայտնում է «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը:

Ավագանին այս որոշումն ընդունել է ընդունել է 7 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ ենթակետով, «Հանրագրերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ն մասի 3-րդ կետով, հաշվի առնելով Ջերմուկ համայնքի ավելի քան երեք հազար բնակիչների կողմից ներկայացված հանրագիրը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով շարադրված տեղական ինքնակառավարման սկզբունքներով։

Հիշեցնենք, որ Ջերմուկ համայնքի առկա բնակչության ճնշող մեծամասնությունն իրացրել էր ուղիղ ժողովրդավարության իր իրավունքը և շուրջ 3000 ստորագրությամբ կոլեկտիվ հանրագիր էր ներկայացրել ՀՀ կառավարությանն ու Ջերմուկ համայնքի ավագանուն ու ղեկավարին, որտեղ ներկայացրել էին իրենց տարածաշրջանի տնտեսական զարգացման տեսլականը և պահանջել, որպեսզի տարածաշրջանում արգելվի մետաղական հանքարդյունաբերությունը և զարկ տրվի կանաչ էկոտնտեսության զարգացմանը։

Հանրագրում բնակիչները նշել էին նաև հետևյալի մասին.

«Ամուլսարում ոսկու արդյունահանմանը դրական եզրակացություններ տալով՝ նախորդ կառավարությունները ոտնահարել են նաև մեզ վրա ազդող որոշումների կայացմանը մասնակցելու մեր իրավունքը. նախ, մինչև 2016թ. մեր համայնքի խոշորագույն քաղաքը՝ Ջերմուկը չի էլ համարվել Ամուլսարի ծրագրի ազդակիր, իսկ 2016-ին ազդակիր հայտարարվելուց հետո էլ այստեղ պատշաճ կարգով չեն կազմակերպվել հանրային լսումներ:

Լիդիան ընկերությունը, ինչպես նաև նախկին իշխանությունների ներկայացուցիչները, արհամարհել են մեզ, փորձել են ապակողմնորոշել կամ վախեցնել: Մենք պահանջում ենք, որպեսզի նոր կառավարությունը հարգի ժողովրդի կամքը, և այդ հույսով էլ ներկայացնում ենք սույն հանրագիրը»:

ՀՀ կառավարությունը դեռևս չի արձագանքել այս հանրագրում ներկայացված պահանջներին։

Արդեն 6 ամսից ավելին է, որ ի նշան բողոքի՝ Ջերմուկի բնակիչները շարունակում են փակ պահել Ամուլսար լեռան տարածք տանող ճանապարհները՝ թույլ չտալով շինարարական աշխատանքների իրականացումը:

Հ.Գ. Այս տարվա մայիս ամսին էլ Նոյեմբերյանի ավագանին էր ընդունել նմանատիպ որոշում, որով արգելել էր իրենց համայնքի տարածքում իրականացնել երկրաբանահետախուզական և մետաղական հանքերի շահագործման աշխատանքները։ Այդ որոշումը նույնպես կայացվել էր համայնքի բնակիչների կողմից ներկայացված հանրագրի հիման վրա, որը ստորագրել էր 3074 բնակիչ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին