Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել այլ պատճառով. «Ժողովուրդ»

25 Դեկտեմբեր, 2018 09:30
Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել այլ պատճառով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը, դատարանի որոշմամբ, փոխվել է ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ կալանքը, և նա 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Որպես պաշտոնական պատճառ` նշված է նրա առողջական վիճակը. դատարան են ներկայացվել բժշկական փաստաթղթերը, որոնց համաձայն՝ Մ. Գրիգորյանի առողջական վիճակը անհամատեղելի էր նրան կալանքի տակ պահելու հետ:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գրիգորյանին ազատ արձակելը ևս մեկ հանգամանքի հետ է կապված. նրա դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը արդեն մոտեցել է ավարտին, և առաջիկայում նախաքննական մարմինն այն կուղարկի դատարան:

Մինչ այդ տեղեկացնենք, որ դատախազությունը վերաքննիչ դատարանում բողոքարկել է Գրիգորյանին ազատ արձակելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մեկնաբանմամբ՝ Գրիգորյանը կխոչընդոտի նախաքննության իրականացմանը, բայց հաշվի առնելով փաստը, որ նախաքննությունը գրեթե ավարտվել է` այս պնդումը հիմնավոր չէ: Լավագույն դեպքում նա կարող է որոշակի ազդեցություն ունենալ դատավարության մասնակիցների՝ վկաների վրա, բայց այս ողջ աղմուկից հետո հազիվ թե Գրիգորյանը նման փորձեր անի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին