Կարևոր իրադարձություններ

Անընդունելի եմ համարում իրենց մասնագիտական գործունեության հետ կապված փաստաբանի նկատմամբ ցանկացած ճնշում

24 Դեկտեմբեր, 2018 17:15
Հեղինակ՝ Գոռ Աբրահամյան
Անընդունելի եմ համարում իրենց մասնագիտական գործունեության հետ կապված փաստաբանի նկատմամբ ցանկացած ճնշում

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դատախազության հասցեին հնչող որոշ քննադատությունների:

«Մեծ հարգանք ունեմ փաստաբանի և փաստաբանական գործունեության նկատմամբ: Եվ իսկապես անընդունելի եմ համարում իրենց մասնագիտական գործունեության հետ կապված փաստաբանի նկատմամբ ցանկացած ճնշում, ամբոխային գնահատական, անձնական վիրավորանքներ:

Սակայն նույնչափ համոզված եմ, որ փաստաբանն ինքը պետք է փաստաբանի կոչմանը վայել վարքագիծ դրսևորի և բավարար չափով դաստիարակված լինի իր պաշտպանյալի շահերը ներկայցնելիս կոռեկտություն դրսևորելու ինչպես հասարակության անդամների, այնպես էլ դատավարությանն առնչվող բոլոր սուբյեկտների հանդեպ:

Մեղադրյալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից մեկը, նրա խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու դատախազության մտադրությունը tert.am-ի հետ զրույցում, ըստ վերջինիս հրապարակման, մեկնաբանելիս իրեն թույլ է տվել դատախազության հասցեին էթիկայի, կոռեկտության, պատշաճության և նույնիսկ տրամաբանության սահմաններն անցնող գնահատականներ՝ մեղադրելով հակապետական քաղաքականություն իրականացնելու, ինչ-որ «ոչ պետական ատյաններից ղեկավարվելու» և որ առավել քան տարօրինակ է՝ Մ. Գրիգորյանի կալանավորումը պահանջող հանրույթի հետ նույն շահերն ունենալու մեջ:

Նախ՝ դժվար է կարծիք հայտնել մի կարծիքի ադեկվատության մասին, որտեղ պետական քաղաքականություն ունենալու ելակետը սեփական պաշտպանյալի՝ ազատության մեջ գտնվելու շահերով չառաջնորդվելու վարույթն իրականացնող մարմնի, տվյալ դեպքում դատախազության դիրքորոշումն է: Շատ տարօրինակ է, որ փաստաբանը կարող է իրեն թույլ տալ իր պաշտպանյալի և պետության շահերը նույնացնել: Երկրորդ՝ հորորում եմ հարգարժան փաստաբանին ներկայացնել փաստեր, թե այդ ի՞նչ «ոչ պետական ատյանների» կողմից ղեկավարվելու մասիս է խոսքը: Կարծում եմ՝ առաջին հերթին հենց իրավաբանն ինքն առաջին հերթին պետք է գիտակցի իր ցանկացած արտահայտության արժեքը: Եվ երրորդ՝ զավեշտալի էր իմանալ, որ դատախազության և հանրության շահերը… միշտ պետք է հակադրվեն: Ինչ խոսք, երկաթյա տրամաբանություն է:

ՀԳ. Գրառումը մշակելիս տեղեկացա, որ Մ. Գրիգորյանի մյուս պաշտպանն էլ այսօր ասուլիսի ընթացքում զարմացել է, թե ինչպե՞ս է դեռ դատարանի որոշման «թանաքը չչորացած» և դրան չծանոթացած՝ դատախազությունը որոշել, որ դատական ակտն անհիմն է և ենթակա է բողոքարկման՝ միաժամանակ հարկ համարելով տեղեկացնել, որ ինքը դեռ չի հասցրել ծանոթանալ այդ որոշմանը: Ցավում եմ, իհարկե, որ փաստաբանն այսքան ժամանակ դեռ չի հասցրել ծանոթանալ իր պաշտպանյալին վերաբերող ակտին: Բայց ո՞ր տրամաբանությամբ պետք է դրանից հետևեր, որ դատախազությունը ևս պետք է դա արած չլինել, կամ որտեղի՞ց հարգելի պաշտպանը վերցրեց, որ դատախազությունը չէր կարող ծանոթ լինել դատարանի որոշմանը: Եթե շաբաթ օրը հարգելի պաշտպանը դիմեր, ես մեծահոգաբար անձամբ այդ որոշումը կտրամադրեի նրան:

Մեր գործընկերներին խնդրում ու հորդորում եմ՝ սեփական վարքագծով դատողություններ չանել իրենց իրավասություններից օգտվելու մյուսների բարեխղճության մասին»,- գրել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին