Կարևոր իրադարձություններ

Արման Եղոյանը պարզաբանել է, թե ինչու է հետաքրքրվում ԶԼՄ-ների ֆինանսական հաշվետվություններով

24 Դեկտեմբեր, 2018 11:47
Հեղինակ՝ Արման Եղոյան
Արման Եղոյանը  պարզաբանել է, թե ինչու է հետաքրքրվում ԶԼՄ-ների ֆինանսական հաշվետվություններով

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի  մամուլի խոսնակ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ զարմացել են, թե ինչու եմ ես հանկարծ հիշել զանգվածային լրատվության մասին օրենքի «Ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը» վերտառությամբ 12-րդ հոդվածը, համաձայն որի՝

Լրատվական գործունեություն իրականացնողը, մինչև ընթացիկ տարվա մարտի երեսունմեկը ներառյալ, պարտավոր է լրատվության միջոցի հերթական թողարկման մեջ (եթե դա թողարկվում է) «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը` կապված տվյալ լրատվության միջոցին առնչվող գործունեության հետ` նշելով համախառն եկամտի և դրա կազմում նվիրատվությունների մասնաբաժնի չափերը:

Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ օրենքը իմպերատիվ կերպով սահմանում է, որ լրատվական գործունեություն իրականացնողը պետք է ՀՐԱՊԱՐԱԿԻ այդ հաշվետվությունը, ոչ թե ներկայացնի այս կամ այն պետական մարմնին, այլ՝ հրապարակի՛, հետևաբար պետք է հասանելի դարձնի յուրաքանչյուր քաղաքացու:

Պատահական չէ, որ այս նորմը տեղ է գտել օրենսդրության մեջ. զանգվածային լրատվության միջոցները պետք է նույն կերպ հաշվետու լինեն հասարակության առաջ ինչպես և՝ հանրային ծառայողներն ու պետական պաշտոնյաները: Զարմանալի չէ, որ բոլոր այն լրատվամիջոցները որոնք հրապարակել էին իրենց տարեկան հաշվետվությունը սիրահոժար տրամադրեցին այն, իսկ որոնք ինչ-ինչ պատճառներով մոռացել կամ նույնիսկ չէին իմացել այս նորմի գոյության մասին, շնորհակալություն հայտնեցին հուշման և հիշեցման համար:

Կարող եմ ենթադրել, որ այն լրատվամիջոցները, որոնք դժգոհում են իմ այս հիշեցումից, իրենց ընթերցողից թաքցնելու բան ունեն, ինչը շատ մտահոգիչ է: Այնպես որ, ևս մեկ անգամ, արդեն հրապարակային, հիշեցնում եմ զանգվածային լրատվության մասին օրենքի 12-րդ հոդվածի գոյության մասին:

Շնորհակալություն»

 

Լրահոս

Դիտել ավելին