Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի և Ստանիսլավ Զասի միջև հանդիպում չի նախատեսվում

21 Դեկտեմբեր, 2018 18:16
Նիկոլ Փաշինյանի և Ստանիսլավ Զասի միջև հանդիպում չի նախատեսվում

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի միջև հանդիպում չի նախատեսվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:

«Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չի նախատեսվում: Եթե մինչև հիմա հանդիպում տեղի չի ունեցել, ապա նման հանդիպման անհրաժեշտություն չի եղել»,- ասաց նա:

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ կոնսենսուսով կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Նրա թեկնածությանը համաձայնել են Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Ռուսաստանի նախագահները: Զասն այցելել է այդ երկրներ և հանդիպել նախագահների հետ:

«Հանդիպումներն անցել են դրական մթնոլորտում, արդյունավետ ու օգտակար ինձ համար»,- ասել է Անվտանգության խորհրդի պետքարտուղարը: Նա հայտնել է, որ հանդիպումների ժամանակ ՀԱՊԿ երկրների առաջնորդները խոսել են տարածաշրջանում իրադրության ու կազմակերպության գործունեության իրենց գնահատականների մասին:

«Կարծում եմ՝ մնացած օրերի ընթացքում կամ գալիք տարվա առաջին օրերին բոլոր իրավական գործընթացները կիրականացվեն և կսկսվի աշխատանքը նոր պաշտոնում»,- նշել է Զասը:

Հարցին, թե արդյոք ծրագրվում է հանդիպում Հայաստանի ղեկավարության հետ՝ նա պատասխանել է. «Պատրաստ եմ Հայաստանի վարչապետի համար ցանկացած հարմար ժամանակ մեկնել այնտեղ ու հանդիպել նրա, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ, քննարկել այն հնարավոր հարցերը կամ խնդիրները, որոնք տեսնում են կառույցի գործունեության մեջ, և հետագայում աշխատել այդ հարցերի շուրջ»:

 

Լրահոս

Դիտել ավելին