Կարևոր իրադարձություններ

Ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանն անմեղ է ճանաչվել փախուստի նախապատրաստության գործով

21 Դեկտեմբեր, 2018 17:50
Ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանն անմեղ է ճանաչվել փախուստի նախապատրաստության գործով

«Մեր առաջին, բայց ոչ վերջին արդարացման դատավճիռը։ Վերաքննիչ դատարանը բեկանեց 13 տարվա դատավճիռ, որով Մհերին մեղավոր էին ճանաչել փախուստի նախապատրաստության մեջ՝ առանց հանցակազմի: Մհերն այսօր անմեղ ճանաչվեց այս գործով ու ձեռք բերեց արդարացվածի կարգավիճակ: Վստահ եմ՝ նույն կերպ նա արդարացվելու է նաև 22 տարի առաջ վայ-քննված, 1 ցուցմունքի վրա հիմնված գործով»:

Այս մասին ֆեյսուբքյան էջում գրել է իրավապաշտպան Զարուհի Մեջլումյանը։

«Երբ մայիսին Մհերն ավարտեց Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ես էլ դեռ սովորում էի Փաստաբանական դպրոցում, արդեն միասին նոր լույսի ու նոր գիտելիքների ներքո սկսեցինք ուսումնասիրել գործերը: Մհերը հայտնաբերեց, որ իրեն 2005-ին առանց հանցակազմի մեղադրել են փախուստի նախապատրաստության մեջ: Միասին ենք պատրաստել վերաքննիչ բողոքը, որը ընդունվել էր վարույթ: Եվ ահա այսօր դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ մենք ունենք առաջին արդարացման դատավճիռը»,- գրել է իրավապաշտպանը:

Հիշեցնենք, Մհեր Ենոքյանն արդեն 22 տարի է անցկացրել բանտում, 1996թ. նոյեմբերին, երբ Բժշկական ինստիտուտի ուսանող է եղել, դատապարտվել է մահապատժի:

Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը: 2003-ին, երբ մահապատիժը վերացավ Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։

 

 

Լրահոս

Դիտել ավելին