Կարևոր իրադարձություններ

Մշակույթի նախարարության աշխատակիցները նամակ փոխանցեցին կառավարությանը և վերադարձան իրենց բնականոն աշխատանքին

21 Դեկտեմբեր, 2018 11:20
Մշակույթի նախարարության աշխատակիցները նամակ փոխանցեցին կառավարությանը և վերադարձան իրենց բնականոն աշխատանքին

Կառավարության շենքի դիմաց օպտիմալացման ծրագրի դեմ բողոքող մշակույթի նախարարության աշխատակիցները վարչապետին ուղղված նամակ հանձնեցին քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանին և հայտարարեցին իրենց բնականոն աշխատանքին վերադառնալու մասին:

Մշակույթի նախարարության աշխատակիցներն այդ նամակով պահանջում են չեղարկել  նախարարությունների օպտիմալացում ենթադրող նախագիծը, խնդրի շուրջ կազմկակերպել քննարկումներ մասնագետների հետ: Նրանք այն կարծիքին են, որ մշակույթի նախարարությունը Հայաստանի համար ունի նույնքան կարևոր նշանակություն, որքան պաշտպանության նախարարությունը, ուստի չի կարելի այն միացնել այլ նախարարության:

Մշակույթի նախարարության աշխատակիցները նշեցին, որ մինչև երկուշաբթի կսպասեն վարչապետի պաշտոնակատարի արձագանքին, իսկ եթե իրենց բարձրացրած հարցերին լուծում չտրվի, պատրաստ են օրինական բոլոր միջոցներով շարունակել պայքարը: Նամակը հանձնելուց հետո մշակույթի նախարարության աշխատակիցները հույս հայտնեցին, որ իրենց ձայնը լսելի կլինի կառավարության համար և կլինի դրական արձագանք: Նրանք նաև հայտարարեցին, որ վերադառնում են աշխատանքի, իսկ բողոքի գործողությունն անցկացրել են իրենց ձայնը կառավարությանը լսելի դարձնելու համար:

Այս պահին կառավարության շենքի դիմաց շարունակում են մնալ սփյուռքի նախարարության աշխատակիցները, ովքեր նամակ են պատրաստվում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հանձնելու համար: Նրանք նշում են, որ իրենց հետագա գործողությունները պարզ կդառնան նամակին տրվելիք պատասխանից հետո:

 

Լրահոս

Դիտել ավելին