Կարևոր իրադարձություններ

Ճիշտ չի լինի, որ դրսում ավելի շատ ընտրական տեղամասեր ունենանք, քան ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան

19 Դեկտեմբեր, 2018 19:19
Ճիշտ չի լինի, որ դրսում ավելի շատ ընտրական տեղամասեր ունենանք, քան ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան

«Եթե մենք ուզում ենք, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր քաղաքացիներին տալ ընտրելու նույնպիսի իրական հնարավորություն, մենք պետք է առաջնորդվենք Հայաստանի ընտրական օրենսգրքով ու Հայաստանի ընտրական օրենսգրքի տրամաբանությամբ։ Դա նշանակում է, որ ամեն 2000 ընտրողի համար մենք պետք է ունենանք մեկ ընտրական տեղամաս, իսկ եթե այդպես լինի, կպարզվի, որ Հայաստանից դուրս ավելի շատ ընտրական տեղամասեր կան, քան ՀՀ–ում։ Հետեւաբար մենք ունենք խնդիր, որ այդ տեղամասերում թեկնածուներն ունենան վստահված անձինք, դա իշխանության համար լուծելի հարց է, բայց կարողանալո՞ւ է ընդդիմությունը վստահված անձինք ունենալ աշխարհի բոլոր երկրներում։» Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, երիտասարդ ձեռներեցների հետ հարցուպատասխանի ժամանակ համոզմունք հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղամասերի հասանելիության առնչությամբ մեկ այլ խնդիր էլ նշեց. «Օրինակ, եթե ընտրողը բնակվում է Չելյաբինսկում, նա պետք է ինքնաթիռով թռնի, հասնի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Ռոստով, որ քվեարկի, բայց եթե նա պատրաստ է այդքան ջանք ներդնել, թող գա Հայաստանում քվեարկի, եթե պատրաստ չէ, ինչո՞ւ ենք ձեւական ստեղծում տեղամաս, մարդը մեղավո՞ր է, որ բնակվում է ոչ թե հյուպատոսարան ունեցող քաղաքում, այլ, օրինակ, Տյումենում։ Ինքն էլ է չէ՞ նույնքան քաղաքացի։ Պատկերացրեք ընտրական տեղամաս բացենք Երեւանում եւ ոչ Հայաստանի  մյուս գյուղերում։ Դա արդար եւ ազնիվ չի լինի»։

Վարչապետի պաշտոնակատարի համոզմամբ՝  այսօրվա իրավիճակն ամենատրամաբանականն է, որովհետեւ նույնիսկ այն ժամանակ, երբ կար ընտրելու իրավունք նաեւ արտասահմանում, մասնակցում էր մի քանի հարյուր կամ հազար մարդ, բայց ոչ հարյուր հազարավորներ. «Տեխնիկական առումով այդ խնդիրը կա, իսկ քաղաքական առումով չեմ կարծում, թե ճիշտ է, որ մենք մեր երկրի տարածքում ավելի քիչ ընտրական տեղամասեր ունենանք, քան երկրից դուրս»։

Փաշինյանը, սակայն, հավելեց, որ եթե ստարտափերը այնքան զարգանան, որ քվեարկության օնլայն մեխանիզմներ ներդրվեն, եւ դրանք հուսալի լինեն, ապա քվեարկությունը աշխարհի ցանկացած ծայրից հնարավոր կլինի։

Վերջում նա շեշտեց, որ միջազգային մասնագետները եւս ժամանակին խորհուրդ չեն տվել ներդնել այդ մեխանիզմը, քանի դեռ ընտրական համակարգի նկատմամբ 100 տոկոս վստահություն չկա։

 

Լրահոս

Դիտել ավելին