Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը մեկնաբանել է՝ ինչու է Արշակ Կարապետյանին նշանակել իր խորհրդական

19 Դեկտեմբեր, 2018 17:59
Փաշինյանը մեկնաբանել է՝ ինչու է Արշակ Կարապետյանին նշանակել իր խորհրդական

Արշակ Կարապետյանին ես եմ նշանակել և համոզված եմ, որ նա իր պարտականությունները կկատարի, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով իր խորհրդականի պաշտոնում ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին նշանակելը։

Նա տեղեկացրեց, որ ոչ մեկ իրեն խորհուրդ չի տվել Կարապետյանին նշանակել խորհրդական ու նկատեց, որ ՀՀ Զինված ուժերի ղեկավարության շրջանում կա տեսակետ, որը տարբերվում է նախորդ ղեկավարության կարծիքից։

Նկատենք, որ Արշակ Կարապետյանը պաշտոնից ազատվել էր 2016-ի ապրիլյան պատերազմից հետո՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով։ Այդ օրերին գերակշռող էր այն տեսակետը, որ Կարապետյանն ազատվել է պարտականությունները թերի կատարելու և պատերազմի օրերին հայկական կողմում խնդիրներ առաջացնելու պատճառով։

«Նրանք ովքեր ասում են, որ Արշակ Կարապետյանն է Ապրիլյան պատերազմի պատասխանատուն, նրանք, ըստ էության, ասում են, որ նրանից վերև ոչ մեկ պատասխանատու չէ։ Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին Սերժ Սարգսյանը հանել է գործից այդ իրադարձությունների արդյունքում, նրանք ասում են, որ Սերժ Սարգսյանը արդար դատավոր է և այդ իրավիճակում արդար որոշում է կայացրել։ Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր, և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական նյութերի բացակայության մասին», - հայտարարեց Փաշինյանը։

Այդուհանդերձ, նա նկատեց, որ բոլորի մոտ այդ իրադարձությունների վերաբերյալ դեռ մնացել են մութ հարցեր, ինչը նշանակում է, որ դրանց պատասխանները պետք է տրվեն։

«Եթե որևէ փուլում հարցեր կծագեն, այս կարգավիճակում նա ավելի մեծ պարտավորություն կունենա պատասխանել այդ հարցերին կոնկրետ ու սպառիչ», - հավելեց Փաշինյանը։

Լրագրողը փորձեց հասկանալ՝ Կարապետյանը աշխատել է ըստ պատշաճի, Փաշինյանը նկատեց, որ այս պահին ինքը որևէ գնահատական չի կարող տալ ու հավելեց. «Ես էլի եմ ասում՝ գաղտնի նյութերին ծանոթանալով ես չեմ գտել, որ հետախուզական տվյալների պակաս ենք ունեցել»։

 

Լրահոս

Դիտել ավելին