Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ վտանգներ կան ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններում

19 Դեկտեմբեր, 2018 16:21
Ի՞նչ վտանգներ կան ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններում

 

Ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղիների որոնումը մնալու է Ադրբեջանի գլխավոր խնդիրը 2019-ին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ դեկտեմբերի 18-ին դիվանագիտական կորպուսի հետ հանդիպմանը՝ իր ղեկավարած գերատեսչության 2018-ի արդյունքներն ամփոփելիս, տեղեկատվությունը հաղորդում   ադրբեջանական Trend գործակալությունը։

Մամեդյարովը մասնավորապես նշել է․

«Իմ ժամանակի մեծ մասը հատկացրել եմ Ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղիներ որոնելուն։ Դա լինելու է նաև հաջորդ տարվա գլխավոր խնդիրը։ Հիմնական նպատակն է հասնել ինչ-որ կոնկրետ շոշափելի արդյունքների, դա ոչ միայն իմ երազանքն է, այլև, կարծում եմ, յուրաքանչյուր ադրբեջանցու երազանքը։ Կարծում եմ, որ Միլանում իմ հայ պաշտոնակցի հետ վերջին հանդիպմանը երկար ժամանակվա ընթացքում մենք առաջին անգամ հասել ենք որոշակի փոխըմբռնման»,- ասել է նա։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքով՝ Կարմիր գծին ենք մոտենում: ՔՊ անդամները պետք է հասկանան, որ եթե իրոք այդպես է, իրենք ևս դրա հեղինակներն են դառնում:

Shabat.am-ի հետ զրույցում Դանիելյանը անդրադարձավ ադրբեջանցի պաշտոնյաների կողմից արված հայտարարությունների վտանգներին․

«Առաջին  վտանգն այն է՝ ինչը  իշխանափոխության ժամանակ խոստացել էր Նիկոլ Փաշինյանը չի կատարվում, Արցախի հարցում նա ասել էր, որ  ամեն ինչ կատարվելու է թափանցիկ, այս հարցում մենք ժողովրդից որևէ գաղտնիք չունենք, պետք չի ինչ-որ հարցերում կասկածել մեզ, մենք ամեն բան կասենք։ Սակայն տեսնում ենք, որ ինչ-որ բանակցություններ են գնում շատ ցավոտ թեմայով, ինչ-որ հայտարարություններ է անում Ադրբեջանը, գոհունակություն են հայտնում, պրոցես է  գնում Արցախում՝ մարդկանց են հանում, դնում, և որևէ բացատրություն չի տրվում դրա մասին, իսկ հայտարարությունները շատ ֆունդամենտալ են»։

Քաղաքագետի գնահատմամբ՝ սա արդեն վտանագավոր պրոցես է, որովհետև այստեղ խախտվել է այն, որը խոստացել էին՝  հատկապես այս հարցում ամեն ինչ թափանցիկ է լինելու։

Անդրադառնալով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե հաջող գործողության ընթացքում 11 հազար հեկտար հողատարածք անցել է իրենց վերահսկողության տակ, քաղաքագետն ասաց․

«Այն հայտարարությունները, որոնք անում է Ադրբեջանը՝ Հայաստանի կողմից չի հերքվել, ուղղակի ասվել է, որ այդ տարածքները ոչ թե Հայաստանի տարածքներ են, այլ չեզոք գոտու տարածքներ են, հենակետերը մոտեցվել են, վերահսկողությունն անցել է Ադրբեջանի տակ և Հայաստանի մի քանի ստրատեգիական ճանապարհներ նշանառության տակ են, որը կարևոր նշանակություն ունի»։

Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման վտանգին, Դանիելյանն ասաց․

«Պատերազմը լուրջ բան է, այսինքն՝ պատերազմ Հայաստանի,  Արցախի  և Ադրբեջանի միջև  աշխարհաքաղաքական փոփոխությունների և վերադասավորումների նշանակություն կունենա։ Այդ հարցը միանշանակ և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի, և՛ Իրանի ու տարածաշրջանային երկրների համար կարևոր նշանակություն ունի։ Այս առումով այստեղ պատահական, չվերահսկվող պատերազմ դժվար է պատկերացնել»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին