Կարևոր իրադարձություններ

Երկու տուն-ինտերնատից խարդախության եղանակով հափշտակվել է խոշոր չափերի գումար․ ՔԿ

19 Դեկտեմբեր, 2018 15:56
Երկու տուն-ինտերնատից խարդախության եղանակով հափշտակվել է խոշոր չափերի գումար․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել եւ վարույթ է ընդունվել ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու, խոշոր չափերով առերեւույթ խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ՍՊ ընկերության տնօրենը, կեղծելով ընկերության հիմնադիր-տնօրենի ստորագրությունը, վեջինիս անունից Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համապատասխան աշխատակիցների հետ կազմել եւ կնքել է «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին սննդամթերքի մատակարարման վերաբերյալ պայմանագիր:

Պայմանագրի կնքումից հետո ՍՊ ընկերության տնօրենը 2018 թվականի մարտի 1-ից մինչեւ հուլիսի 30-նն ընկած ժամանակահատվածում հիշյալ ՊՈԱԿ-ին մատակարարել է պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող՝ մեկ այլ ՍՊ ընկերության անվամբ կեղծ պիտակավորմամբ բուսայուղ պարունակող մթերք:

Բացի այդ, ՍՊ ընկերության տնօրենը նույն եղանակով պայմանագիր է կնքել նաեւ «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի հետ եւ կրկին պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սնունդ մատակարարել կազմակերպությանը:

Արդյունքում՝ «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ից ՍՊ ընկերության տնօրենը խաբեությամբ առերեւույթ հափշտակել է 696.390 դրամ գումար, իսկ «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ից՝ 986.135 հազար դրամ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու, կատարված առերեւույթ չարաշահումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու եւ նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին