Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում ամանորյա տոներին ընդառաջ փշատերեւ ծառեր են կտրվել․ «Ժողովուրդ»

19 Դեկտեմբեր, 2018 09:09
Գեղարքունիքի մարզում ամանորյա տոներին ընդառաջ փշատերեւ ծառեր են կտրվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզում ամանորյա տոներին ընդառաջ փշատերեւ ծառեր են կտրվել: Դեկտեմբերի 11-ին «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցները Վարդենիսից դուրս եկող` դեպի Երեւան տանող ճանապարհին գտնվող անտառածածկ տարածքում արձանագրել են բնական եղեւնու կոտրված ու թափված ճյուղեր:

Ենթադրվում է, այդ ծառերը հատվել են ամանորին ընդառաջ վաճառելու համար, եւ սա այն դեպքում, երբ Հայաստանում եղեւնիների եւ սոճիների հատումն ու վաճառքն արդեն մի քանի տարի արգելված է: Իսկ շուկայում վաճառվող բնական եղեւնիների կամ սոճիների մի մասը բերվում է ՀՀ մի քանի մարզերում երկար տարիներ գործող տնկարաններից, մի մասն էլ ներկրվում է Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից, Լեհաստանից եւ Գերմանիայից: 

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանին: Մեր ահազանգի հետքերով Գուլանյանը հանձնարարական է տվել պարկի Վարդենիսի մասնաճյուղի պետ Մխիթար Հարությունյանին իրականացնելու հատված ծառերի որոնողական աշխատանքները: Ավելի ուշ Գուլանյանը մեր թղթակցին ասել է, թե «Կոտրված թափված ճյուղեր են, ըստ երեւույթին, ձյան հետեւանքով է դա եղել»:

Բայց, արի ու տես, որ մեր թղթակիցը տարածքում թափված, կոտրված ճյուղերը լուսանկարելիս արձանագրել է, որ ձյուն չկա, անգամ գետինը թաց ու խոնավ չի եղել: 

Մինչ այդ նկատենք` «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Վարդենիսի մասնաճյուղի պետը Մխիթար Հարությունյանն է: Տեղաբնակների խոսքերով` մարդիկ կարողանում են հանգիստ ելումուտ անել անտառ եւ Ամանորի համար եղեւնի տանել: 

Ու կարելի է ենթադրել՝ Մխիթար Հարությունյանը, մեղմ ասած, չի տիրապետում իրավիճակին, հետեւաբար անձամբ պատասխանատվություն է կրում ամեն կտրված եղեւնու համար: 

Այս իրավիճակը բավական մտահոգիչ է, եւ իրավապահ համակարգի միջամտության կարիք կա, այլապես անխնա ծառահատումների նորանոր դեպքեր կարող են գրանցվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին