Կարևոր իրադարձություններ

Որևէ արգելքի մասին խոսք լինել չի կարող. ՌԴ դեսպանը՝ օտարերկրյա զինծառայողների բացակայության վերաբերյալ համաձայնագրի մասին

18 Դեկտեմբեր, 2018 15:50
Որևէ արգելքի մասին խոսք լինել չի կարող. ՌԴ դեսպանը՝ օտարերկրյա զինծառայողների բացակայության վերաբերյալ համաձայնագրի մասին

Հայաստանի ու Ռուսաստանի միջև իսկապես բանակցություն է ընթանում՝ Հայաստանում տեղակայված կենսաբանական լաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների բացակայության երաշխավորման մասին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Հարցին՝ ինչո՞ւ է Ռուսաստանն ուզում արգելել, որ Հայաստանում օտարերկրյա զինծառայողներ ներկայացվեն, նա պատասխանեց. «Ո՞վ, ո՞ւմ, ի՞նչ կարող է արգելել: Խոսքը հայ-ռուսական հարաբերությունների մասին է, երկու սուվերեն, իրավահավասար պետությունների մասին է»:

Նա նշեց, որ երկխոսությունն ընթանում է ոչ միայն Հայաստանի, այլև՝ հետխորհդային մի քանի այլ պետությունների հետ:

«Հայկական կողմի հետ երկխոսությունը բավականին կոնստրուկտիվ է, կա փոխըմբռնում։ Չեմ բացառում, որ որևէ փուլում հանգենք ընդհանուր եզրակացության: Թե ինչ տեսք կստանան դրանք, չեմ կարող ասել: Որևէ արգելքի մասին խոսք լինել չի կարող: Հարցը դեռ քննարկվում է, թե երբ կլինեն պայմանավորվածությունները ու ինչ տեսք կստանան, չեմ կարող ասել»,- ասաց Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ շրջանակներում էլ կա համաձայնություն, որ երկրորդ երկրի ներկայացվածությունը անդամ-պետության տարածքում քննարկման առարկա պետք է լինի:

Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ներկայում Մոսկվան ու Երևանը նախապատրաստում են փաստաթուղթ, որը պետք է երաշխավորի Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը:


 

Լրահոս

Դիտել ավելին