Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ի քվեարկությունը կատարվեց նախկին գաղութային հանցավոր ռեժիմի ժամանակների իներցիայով. «Սասնա ծռեր»

18 Դեկտեմբեր, 2018 15:23
ՀՀ-ի քվեարկությունը կատարվեց նախկին գաղութային հանցավոր ռեժիմի ժամանակների իներցիայով. «Սասնա ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Երեկ՝ 2018 թ. դեկտեմբերի 17-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի և մի շարք այլ երկրների առաջարկած բանաձևի նախագիծը՝ Ղրիմում, Սևաստոպոլում, Սև և Ազովի ծովերի մի մասում ռազմականացման խնդրի մասին: Բանաձևում Ռուսաստանին կոչ է արվում դուրս բերել զինված ուժերը Ղրիմից և դադարեցնել ուկրաինական տարածքների օկուպացիան:

Բանաձևի նախագծին կողմ է քվեարկել 66, դեմ՝ 19, ձեռնպահ՝ 72 պետություն: Հայաստանը, տարօրինակ կերպով հավատարիմ մնալով նախկին ռեժիմի գաղութային ավանդույթին, դեմ է քվեարկել: Հայաստանի հետ միասին դեմ են քվեարկել, օրինակ՝ Բելառուսը, Սիրիան, Սուդանը, Զիմբաբվեն, Բուրունդին, Կուբան, Վենեսուելան, Նիկարագուան, Ուզբեկստանը:

Մինչդեռ Թավշյա հեղափոխության գլխավոր նպատակներից մեկը Հայաստանի ինքնիշխանության ապահովումն էր, այդ թվում՝ արժանապատիվ և ազգային շահերին հետամուտ արտաքին քաղաքականություն վարելու միջոցով: Հայաստանի 1-ին Հանրապետությունը 1920-21 թթ. ենթարկվել է օկուպացիայի, մասնատվել է և զրկվել անկախությունից: 1991 թ. նրա տարածքի մի մասի վրա է դեռևս վերականգնվել պետական անկախությունը, ինչպես նաև Արցախի այսօրվա տարածքի մասով՝ հայկական փաստացի իրավազորությունը:

Նման պարագայում, ունենալով դեօկուպացիայի կենսական խնդիր, Հայաստանի ազգային շահերին դեմ է կողմ քվեարկել որևէ օկուպացիայի և ըստ էության լեգիտիմացնել այդ երևույթը:

Եթե տվյալ իրավիճակում Ռուսաստանի հետ հակասություն չստեղծելու անհրաժեշտություն կար, Հայաստանը կարող էր ձեռնպահ լինել, ինչպես վարվել են 72 այլ պետություններ, այդ թվում՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամներ Ղազախստանը և Ղրղզստանը կամ չքվեարկել, ինչպես, օրինակ, վարվել է Ադրբեջանը:


Հուսով ենք, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարությունը մանրակրկիտ կերպով կուսումնասիրի, թե ինչու այս քվեարկությունը կատարվեց նախկին գաղութային հանցավոր ռեժիմի ժամանակների իներցիայով և, ըստ այդմ՝ կանի կազմակերպչական և արտաքին քաղաքական անհրաժեշտ հետևություններ»:

 

Լրահոս

Դիտել ավելին