Կարևոր իրադարձություններ

«Եվրոմոթորս»-ի շուրջ կեղծ լուրեր են տարածում. պահանջում են ներողություն խնդրել (փաստաթղթեր, տեսանյութ)

18 Դեկտեմբեր, 2018 15:10
«Եվրոմոթորս»-ի շուրջ կեղծ լուրեր են տարածում. պահանջում են ներողություն խնդրել (փաստաթղթեր, տեսանյութ)

Lurer.com-ը գրում է․

Վերջերս «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը հաղորդում էր տվել ոստիկանություն այն մասին, որ «Եվրոմոթորս» ընկերությունն արդեն տևական ժամանակ է՝ հրաժարվում է վճարել BMW ավտոսրահի կառուցման համար: Ըստ ընկերության՝ խոսքը մոտ մեկ միլիոն դոլարի կամ ավելի կոնկրետ՝ 465 մլն դրամի մասին է:

«Եվրոմոթորս» ընկերության բաժնետեր և գործադիր տնօրեն Ջաբեր Ալմարզուքին լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը սեփական շահադիտական նպատակներով «Եվրոմոթորս» ընկերության հասցեին անհիմն մեղադրանքներ է հնչեցրել և իրենք ապացույցներ ունեն․ 

««Եվրոմոթորս» և «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերությունների միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ դեռևս 2016 թվականին վերջիններին վճարվել է պայմանագրով նախատեսված ամբողջ՝ 3.285.000 դոլարը։ Մենք շատ լավ գիտենք հայ ժողովրդին, նրանց հյուրընկալությունը և հուսով ենք՝ կլինի նաև արդարացի արդարադատություն։ Մենք Զարուհի Սարգսյանին ասել ենք՝ եթե խնդիր է տեսնում, ապա դիմի համապատասխան մարմիններին, որպեսզի հարցը կարգավորվի, բայց ինքը դիմել է գրեթե բոլոր տեղերընախագահների կամ վարչապետների վերահսկողական ծառայություններին, բացի դատարանից։ Մենք ամենևին դեմ չէինք, որպեսզի գային և շինարարական հետազոտություններ կատարեին, արդյուքում պարզ դարձավ, որ «Եվրոմոթորսը» վճարել է բոլոր գումարները։ Մենք տեր ենք կանգնելու մեր արդար իրավունքներին, մեզ համար կարևոր է, որ վերականգնվի արդարությունը»,- ասաց Ալմարզուքին։

Հարցին, թե հնարավո՞ր է՝ աղմուկը բարձրացվել է Գագիկ Ծառուկյանի դեմ՝ քաղաքական նկատառումներից ելնելով, «Եվրոմոթորս» ընկերության բաժնետերը պատասխանեց․ 

«Ես չեմ ուզում խոսել քաղաքականությունից և մեկնաբանություններ անել, բայց նման խոսակցություններն, անշուշտ, ազդում են գործարարի իմիջի վրա և չեմ բացառում, որ կունենան նաև այդպիսի նկատառումներ։ Մենք ողջունել ենք երկրում կատարված հեղափոխությունը և կարծում ենք, որ արդարությունը կհաղթի և հնարավորություն կտա ավելի շատ ներդրումներ կատարելու։ Ես կրկին շնորհակալություն եմ հայտնում պարոն Ծառուկյանին, որ իր վստահությամբ հնարավորություն է ընձեռել ներդրումներ անել Հայաստանում։ Նկատել եմ, որ նա ներդրումներ անելիս առաջնային է համարում ոչ թե իր, այլ ժողովրդի ու երկրի շահը»,- ասաց ընկերության բաժնետերը։

Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանն ընդհանրապես չի միջամտում ընկերության աշխատանքներին, և իր մոտ զարմանք է առաջացնում վերջինիս կողմից նման անվերապահ գործընկերային վստահությունը։

«Եվրոմոթորս» ընկերության ադմինիստրատիվ տնօրեն Աբրահամ Տանակէօզեանն էլ ներկայացրեց ապացույց հանդիսացող բոլոր փաստաթղթերը, ապա նշեց՝ Զարուհի Սարգսյանից պահանջում են հանդես գալ ասուլիսով և ներողություն խնդրել «Եվրոմոթորս» ընկերությունից, Գագիկ Ծառուկյանից և Ջաբեր Ալմարզուքիից։

Տանակէօզեանի խոսքով՝ ըստ փորձագետների կողմից արված եզրակացությունների՝ «Եվրոմոթորսը» ոչ միայն քիչ չի վճարել, այլև մի բան էլ ավել է վճարել, և «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերությունը պետք է որոշակի գումար վերադարձնի․ «Եթե դատարանի վճռով ետ վերադարձվեն ծախսված գումարները, մենք պատրաստվում են դրանք նվիրաբերել մանկատներին»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ Lurer.com-ի տեսանյութում։

 

Լրահոս

Դիտել ավելին