Կարևոր իրադարձություններ

Սա ուղղակիորեն Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու միջոց է․ քաղաքագետն՝ աղմկահարույց համաձայնագրի մասին

18 Դեկտեմբեր, 2018 13:45
Սա ուղղակիորեն Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու միջոց է․ քաղաքագետն՝ աղմկահարույց համաձայնագրի մասին

Սա ուղղակիորեն Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու միջոց է, Shabat.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանն՝ անդրադառնալով նախօրեին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն այն մասին, թե Երևանն ու Մոսկվան փաստաթուղթ են մշակում, որով երաշխավորվելու է օտարերկրացի զինվորականների բացակայությունը Հայաստանի տարածքում։

Քաղաքագետը նշեց՝ կտրականապես դեմ է, որ այդ համաձայնագիրը ստորագրվի․

«Եթե մենք ՀՀ տարածքում ունենք ռուսական ռազմաբազա, և որևիցե  մեկը մեզ չի պարտադրում այդ ռազմաբազան հանել, ապա ի՞նչ իրավունքով է մեր ռազմավարական գործընկերը մեզ պարտադրում ստորագրել մի համաձայնագիր, որով սահմանափակվում են մեր արտաքին և՛ քաղաքական, և՛ ռազմական կապերը։ Հնարավոր է՝ որոշ ժամանակ անց տարածաշրջանում կտրուկ փոխվի աշխարհաքաղաքական իրավիճակը, կամ Հայաստանը շատ լավ առաջարկ ստանա երրորդ երկրից․ օրինակ, միջազգայի ինչ-որ կազմակերպություն ցանկանա մեր երկրի տարածքում վարձակալության վերցնել, օրինակ, օդանավակայան, և դա դարձնել իր համար տարանցիկ ուղի։ Տրամաբանական է, որ այդ տարածքում պետք է զինվորականներ տեղակայվեն։ Ստացվում է, մենք չպետք է դա անենք, քանի որ Ռուսաստանը շատ ծա՞նր է տանում»,- ասաց մեր զրուցակիցը։

Գագիկ Համբարյանի խոսքով՝ լավ կլինի, որ ներկայիս իշխանությունները հրաժարվեն այդպիսի համաձայնագրեր կնքելուց։

«Նույն հաջողությամբ պաշտոնական Մոսկվան կարող է մի քանի ամիս հետո պարտադրել, որ մենք էլ պետք է կնքենք համապատասխան համաձայնագիր և թույլ չտանք, որ եվրոպական կամ ամերիկյան ավտոմեքենաներ ներկրվեն Հայաստան, որովհետև ինքը ցանկանում է Հայաստանը դարձնել իր ավտոմոբիլային արտադրության շուկա։ Այսինքն, հայերը պետք է ներկրեն միայն «գազել» կամ «ժիգուլի» մեքենանե՞ր»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը, թե Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրիկինն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե ՀԱՊԿ շրջանակներում կա համաձայնություն, որ երրրորդ երկրի ներկայացվածությունը անդամ-պետության տարածքում քննարկման առարկա պետք է լինի, քաղաքագետը պատասխանեց․

«ՀԱՊԿ անդամ Ղրղզստանի տարածքում կա ամերիկյան «Մանաս» ռազմաբազան, որը սպասարկում է Եվրոպայից դեպի Աֆղանստան ռազմական ավիաչվերթները։ «Մանաս» օդանավակայանի համապատասխան տարածքը վարձակալելու համար ամերիկացիները բավական «կլորիկ» գումար են վճարում Ղրղզստանի իշխանություններին։

Ինչպե՞ս է ստացվում, որ այդ ամենը կարելի է Ղրղզստանին, իսկ Հայաստանին ոչինչ չի կարելի։

Շատ վատ է, որ պաշտոնական Մոսկվան կարող է մեզ պարտադրել այդպիսի բովանդակությամբ համաձայնագրեր ստորագրել»։

Գագիկ Համբարյանն այս պայմանագիրը «զարմանալի» որակեց ու նշեց, որ այն չի բխում մեր ազգային շահերից։

«Իհարկե, ես չեմ ասում, թե մենք պետք է «քցենք» ռուսներին, բայց, միևնույն ժամանակ էլ, պետք է մեզ չպարտադրենք ինչ-որ բուտաֆորիա համաձայնագրեր»,- ասաց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին