«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն` ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը մտադիր է առաջիկայում լքել Հայաստանը՝ եվրոպական երկրներից մեկից քաղաքական ապաստան խնդրելով:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` Ազարյանն իր հայտարարությունը, թե համակարգի վրա բիրտ ճնշում կա, հենց այդ նպատակով է հնչեցրել, որպեսզի հնարավոր լինի ներկայանալ որպես նոր իշխանությունների կողմից քաղաքական հալածյալ:
Հիշեցնենք, որ Ազարյանի որոշմամբ ամռանը վերացվեց մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Ազարյանի այդ որոշումը մեծ դժգոհության ալիք բարձրացրեց հանրության մոտ, և տեսակետ կա, որ դատավորն ուզում է օգտվել իրավիճակից:
«Ժողովուրդ» օրաթերթը եղելությունը փորձեց պարզել անձամբ դատավոր Ազարյանից, սակայն վերջինս, իմանալով, որ զանգահարողը լրագրող է, չցանկացավ անգամ լսել հարցը և անջատեց հեռախոսը: Մեր այլ փորձերը դատավորի հետ զրուցելու անցան ապարդյուն, քանի որ նա այլևս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: