Կարևոր իրադարձություններ

Սևանա լճում ձկնորսության արգելքի ժամկետները կհստակեցվեն առաջիկա օրերին

17 Դեկտեմբեր, 2018 22:16
Սևանա լճում ձկնորսության արգելքի ժամկետները կհստակեցվեն առաջիկա օրերին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ կազմակերպված խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ Սեւանա լճում ձկան որսի արգելքի սահմանման ժամկետների հստակեցման խնդրին: Խորհրդակցությանը մասնակցեցին ՀՀ բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը, «Սևան» ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլանյանը, ՀՀ ընդերքի եւ բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Իգոր Սարգսյանը, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Շմավոնյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, Սեւանա լճի ափամերձ համայնքների ղեկավարներ, վերոնշյալ կառույցների ներկայացուցիչներ:

«Այստեղ հավաքվել են բոլոր այն շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները, որոնք առնչություն ունեն Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքի հետ կապված միջոցառումների իրականացման հետ: Հաշվի առնելով սիգ ձկան ձվադրման սեզոնը, մենք պետք է համատեղ քննարկենք ու սահմանենք հստակ ժամկետներ՝ արգելքի հետ կապված միջոցառումները խելամիտ ժամկետում եւ արդյունավետորեն իրագործելու համար»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Ինչպես ներկայացրեց բնապահպանության նախարարի խորհրդական Կարեն Ճենտերեճյանը, գիտական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ, կապված սիգի ձվադրման ժամանակահատվածի հետ, նպատակահարմար է ձկնորսության արգելքը սահմանել դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 15-ը: «Մի կողմից մենք գործ ունենք բնապահպանական, մյուս կողմից՝ սոցիալական խնդրի հետ, սակայն պետք է գտնենք ոսկե միջինը եւ փորձենք կանոնակարգել այս ոլորտը: Աշխատանքները կազմակերպելիս նախեւառաջ պետք է շեշտը դնենք ձկնորսների շրջանում իրականացվող բացատրական աշխատանքների վրա, որում կներգրավենք շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին: Հուսով եմ, որ մենք համատեղ աշխատանքը դրական արդյունք կտա»,- ասել է բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը:

Ամփոփելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն առաջարկեց՝ մինչեւ դեկտեմբերի 20-ը նախապատրաստել եւ ստորագրել Սեւանա լճում ձկնորսության արգելման մասին քառակողմ համաձայնագիրը եւ այն մասսայականացնել տեղերում: «Ես չեմ կարծում, որ Գեղարքունիքի մարզում կան մարդիկ, որոնց կարելի է անվանել ձկնագողեր: Պարզապես նրանց պետք է բերել օրենքի դաշտ, ինչը կարելի է անել կանոնակարգված եւ հետեւողական աշխատանքով: Ի վերջո ձկնորսները պետք է գիտակցեն, որ ձվադրման շրջանում սահմանված արգելանքը ավելի շատ շահեկան է իրենց համար, քանի որ դա իրենց վաղվա պաշարն է, ապրուստի միջոցը եւ այն թանկ ռեսուրսը, որը պահանջում է վերարտադրության հնարավորություն: Մեր համատեղ աշխատանքը նաեւ պետք է բերի նրան, որ արգելանքի ժամանակահատվածում չլինի որեւէ արտոնյալ»,- նշել է Գեղարքունիքի մարզպետը:

 

Լրահոս

Դիտել ավելին