Կարևոր իրադարձություններ

Այնքան է ծեծել նախկին կնոջը, որ վերջինս ինքնասպանության փորձ է կատարել

17 Դեկտեմբեր, 2018 15:47
Այնքան է ծեծել նախկին կնոջը, որ վերջինս ինքնասպանության փորձ է կատարել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ամուսնու կողմից նախկին կնոջը դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու եւ ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել կնոջ նախկին ամուսնուն:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ իրականացված բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, դրդապատճառը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2017թ. մայիսի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, տղամարդը՝ ծնված 1981 թվականին, գնացել է 1979թ. ծնված նախկին կնոջ բնակարան, նրան մեղադրել դավաճանության մեջ, խանդի հողի վար վիճաբանել է նրա հետ, ծեծի ենթարկել, ապա նաեւ՝ խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել կնոջ դեմքին, ուսերին, ձախ բազկին, նստատեղին, որովայնին եւ կրծքին, այնուհետեւ կտրելով էլեկտրական մալուխը՝ հոսանքահարել է նրան, ապա՝ մկրատով կտրել մազերը:

Արդյունքում՝ կնոջը պատճառվել է «որովայնի, իրանի, ձախ զստոսկրի կատարի, վերին եւ ստորին վերջույթների ճանկռվածքներ, արյունազեղումների, ծակած-կտրած վերքերի եւ ձախ բազկի շրջանի կտրած վերքերի ձեւով վնասվածնքներ», ֆիզիկական ցավ եւ հոգեկան տառապանք:

Բացի այդ, 2017թ. հուլիսի 11-ին տղամարդը կրկին գնացել է կնոջ բնակարան, վիճաբանել նրա հետ, բռունցքով բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս գլխին, իսկ առավոտյան նրան տարել է Սեւանա լճի մի ամայի լողափ, որտեղ դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա թեւերի եւ կրծքի հատվածներին՝ պատճառելով «աջ ականջախեցու շրջանի սալջարդ, զույգ վերին վերջույթների, ձախ կրծքագեղձի շրջանների կտրած վերքեր»:

Արդյունքում՝ 37-ամյա տղամարդն իր վերոնշյալ գործողություններով նախկին կնոջը հասցրել է ինքասպանության փորձի: Մասնավորապես՝ դրսեւորած վերաբերմունքի եւ արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու արդյունքում կնոջ մոտ ձեւավորվել է «իրավիճակային դեպրեսիվ ձգձգվող խանգարում»: Գտնվելով խիստ ընկճված վիճակում, ստորացված եւ նվաստացած զգալով՝ 2017թ. հուլիսի 13-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, կինը փորձել է ինքնասպան լինել՝ տունը հրկիզելու եղանակով: Սակայն կնոջ նախկին ամուսինը մարել է բռնկված հրդեհը՝ նրան առաջարկելով ինքնասպան լինել իր բացակայությամբ՝ միաժամանակ նրանից պահանջելով գրել գրություն՝ նշելով, թե որեւէ մեկը մեղավոր չէ նրա ինքասպանության համար, որից հետո հեռացել է: 39-ամյա կինը մտադրությունն ավարտին չի հասցրել, քանի որ վերջինիս եղբայրը թույլ չի տվել՝ ժամանակին օգնության հասնելով քրոջը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով եւ 110-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

Լրահոս

Դիտել ավելին