Կարևոր իրադարձություններ

Երևանի 2019 թվականի բյուջեն հետընթաց է. «Լույս» խմբակցություն

17 Դեկտեմբեր, 2018 14:30
Երևանի 2019 թվականի բյուջեն հետընթաց է. «Լույս» խմբակցություն

Երեւանի ավագանու «Լույս»  խմբակցությունը արձանագրում է, որ Երեւանի 2019 թվականի բյուջեն հետընթաց է նույնիսկ ի համեմատ 2018թ. Երեւանի բյուջեի, որը այդքան քննադատեց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը եւ մի շարք հիմնավորումներով դեմ քվեարկեց վերջինիս: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Լույս» դաշինքը։

Նշենք, որ նոյեմբերի 14-ին Երեւանի քաղաքապետարանը հանրային քննարկմանն է ներկայացրել Երեւանի 2019 թվականի բյուջեի նախագիծը:

«Այսպիսով բյուջեի նախագծում նախորդ տարվա բյուջեի համեմատ իրականացվել են այն փոփոխությունները, որոնց նկատմամբ հրավիրում ենք ձեր ուշադրությունը.

. Պարգեւատրումների, դրամական խրախուսումների եւ հատուկ վճարների բյուջեն նախորդ տարվա 758.5 մլն-ից աճել է մինչեւ 1 մլրդ 991.4 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է 1մլրդ 232.9 մլն դրամով:

. Արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի բյուջեն նախորդ տարվա 62.7 մլն դրամից աճել է մինչեւ 112.7 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է 50 մլն դրամով:

. Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների բյուջեն նախորդ տարվա 9.2 մլն դրամից աճել է մինչեւ 169.1 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է շուրջ 160 մլն դրամով:

Այս ծախսումների ավելացմանը զուգահեռ նվազեցվել են հետեւյալ ծախսային հոդվածների համար նախատեսված միջոցները:

. Տրանսպորտի բյուջեն նախորդ տարվա 15 մլրդ 196 մլն-ից նվազել է մինչեւ 13 մլրդ 275 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 1 մլրդ 920 մլն դրամով:

. Վերելակների հիմնանորոգման բյուջեն նախորդ տարվա 108.7 մլն-ից նվազել է մինչեւ 30.7 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 78 մլն դրամով:

. Կանաչ տարածքների հիմնման եւ պահպանման բյուջեն նախորդ տարվա 1 մլրդ 669 մլն-ից նվազել է մինչեւ 1 մլրդ 93 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 576 մլն դրամով:

. Փողոցների լուսավորման բյուջեն նախորդ տարվա 4 մլրդ 538 մլն-ից նվազել է մինչեւ 3 մլրդ 565 մլն դրամ: Ծախսային այս հոդվածը նվազել է շուրջ 1 մլրդ-ով:

. Բնակարանային շինարարության եւ կոմունալ ծառայությունների բյուջեն նախորդ տարվա 3 մլրդ 28.8 մլն-ից նվազել է մինչեւ 2 մլրդ 857.5 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 171 մլն դրամով:

Աշխատակազմի վրա ծախսվող գումարների ավելացումը պետք է տեղի ունենար օպտիմալացման արդյունքում եւ ոչ թե հարկատուների կողմից վճարվող գումարներից՝ թվաբանական ավելացմամբ:

Իհարկե բազմաթիվ կարեւոր ծախսային հոդվածներ, որոնք մշտապես պահանջել են մեծ միջոցներ՝ ավելացվել են: Սակայն մենք ներկայացնում ենք քաղաքային տնտեսության այն կարեւորագույն բաղադրիչները (տրանսպորտ, վերելակներ, կանաչապատում, փողոցների լուսավորություն, բազմաբնակարան շենքերի պահպանում) որոնցից բխում է քաղաքի զարգացումը եւ անվտանգության պահպանումը եւ որոնց ծախսերի կրճատումը անհիմն է ու չի կարող կոմպենսացվել ծախսային այլ կարեւոր հոդվածների մեծացմամբ:

Երեւանի ավագանու ԼՈւՅՍ խմբակցությունը այս մասով առաջարկություններ քաղաքապետարանին չի ներկայացրել եւ չի ներկայացնելու, քանզի ակնհայտ է, որ նման փոփոխությունների իրականացումը կարող էր տեղի ունենալ միայն հստակ քաղաքական որոշման կայացման դեպքում: Այսպիսով մենք դիմում ենք Երեւանի բնակիչներին եւ ավագանու մեր գործընկերներին համատեղ ջանքերով փոփոխելու այս վերաբաշխումները»,– ասված է հայտարարությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին