Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում

14 Դեկտեմբեր, 2018 10:39
Մահվան ելքով  վրաերթ է տեղի ունեցել Երևանում

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 07։40-ի սահմաններում Kia Sorento 7 մակնիշի ՊՆ 0032 Մ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 60-65 տարեկան կնոջ։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և մինչ շտապօգնության ժամանումը փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին.

«Kia-ի վարորդն իջավ ավտոմեքենայից, մոտեցավ գետնին ընկած կնոջն ու փորձում էր օգնություն ցուցաբերել, երբ վերևից սպիտակ գույնի Range Rover, որի համարները չհասցրինք տեսնել, մեծ արագությամբ անցավ գետնին ընկած կնոջ վրայով, իսկ Kia-ի «շոֆեռը» հազիվ կարողացավ փախնել Ռենջի առաջից»։

Սկզբնաղբյուրը հայտնում է, որ Kia-ն հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում, ուստի դեպքի փաստով քննությունը վարելու է Ռազմական Ոստիկանությունը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Range Rover-ն ու նրա վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին