«Մարտի 1-ի» քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, որի խափանման միջոց կալանքը երեկ Վերաքննիչ դատարանը բեկանել է, այսօր տեսակապի միջոցով հարցազրույց է տվել armdaily.am-ին։
Նա հայտնել է, որ Մարտի 1-ի գործը վերաբացելուց հետո ինքը երբևէ չի հարցաքննվել․« Այդ գործով առաջին ծանուցումը ստացել եմ կարծեմ սեպտեմբերի 11-ին. այն մեր հասցեով տուն էին ուղարկել, և իմ փաստաբանը արձագանքել է ծանուցմանը, գրավոր բացատրություն է ներկայացրել քննիչին, որ ես գտնվում եմ Մոսկվայում բուժման նպատակով, և որ անհրաժեշտության դեպքում նրանց կտրամադրվեն կոնտակտային տվյալներ, հասցե և ինչ որ անհրաժեշտ է։ Սակայն որևէ արձագանք երկար ժամանակ չկար»։
Նրա խոսքով՝ իր նկատմամբ հայտարարված հետախուզումը, այլև ողջ գործընթացն ի սկզբանե ապօրինի է, անհիմն, շինծու․ «Հետախուզում հայտարարելու համար ՀՔԾ-ն ուղղակի կեղծիքների է գնացել, և ես լինելու եմ հետևողական, ու նրանք պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ… Ինձ ՀՔԾ են հրավիրում որպես վկա։ Ընդ որում, վկան չունի պարտավորություն արտերկրից ժամանելու հարցաքննության։ Ես ինքս եմ զանգահարել քննիչներին, հայտնել իմ հասցեն, կոնտակտային տվյալները և կրկին ասել, որ 1-2 օրվա ընթացքում ես կարող եմ տեղեկատվություն տալ իմ՝ Հայաստան վերադառնալու ճշգրիտ ժամանակի վերաբերյալ։ Պարզվում է, որ այդ ժամանակ նրանք ինձնից թաքցնում են այն հանգամանքը, որ դեռևս ամսի 30-ին որոշում է կայացվել ինձ որպես մեղադրյալ ներգրավելու, հետախուզում հայտարարելու մասին, և հաջորդ օրը մենք մամուլից ենք իմանում այն մասին, որ իմ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը… Եթե ինձ ասեին, որ ինձ որպես մեղադրյալ են ներգրավել, ես բուժումը կթողնեի, որ հետախուզումը բացառվեր, և հաստատ կվերադառնայի Երևան, որովհետև հաստատ ոչինչ չունեմ թաքցնելու։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը ոտնատակ է տրված, հավասարեցված է զրոյի, և արդարադատություն՝ որպես այդպիսին, գոյություն չունի»։
Ավելին՝ տեսանյութում: