Կարևոր իրադարձություններ

Նուբարաշենում կկառուցվի տարածաշրջանային աղբավայր

13 Դեկտեմբեր, 2018 13:37
Նուբարաշենում կկառուցվի տարածաշրջանային աղբավայր

Կառավարությունն այսօրվա՝ դեկտեմբերի 13-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու մասին» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Հիմնական զեկուցող, տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ծրագրով նախատեսվում է Նուբարաշենում կառուցել տարածաշրջանային աղբավայր և փակել Աջափնյակի և Նուրաբաշենի գործող աղբավայրերը:

«Ծրագրի արժեքը կազմում է 26 մլն եվրո, որից վարկային բաղադրիչը կազմում է 16 լն, իսկ տրամադրվող դրամաշնորհները՝ 8 մլն ԵՄ հարևանության ներդրումային գործիքի միջոցով և 2 մլն Եվրոպական բանկի կողմից»,-ասաց նա:

Պապիկյանի խոսքով, վարկային համաձայնագրի հասանելիության վերջնաժամկետը լրանում է 2018 թվականի դեկտեմբերի 11-ին. «Երևանի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ վարկային համաձայնագրի շրջանակներում մրցույթային փաթեթի պատրաստման վերանայման և ժամկետների հաստատման երկարաձգմամբ պայմանավորված առ այսօր ծրագրի շրջանակներում գումարներ չեն ներգրավվել:

Կապալառուի ընտրության մրցույթը նախատեսվում է իրականացնել 2 փուլով, որոնք կարող են տևել 6 ամսից մինչև 1 տարի, որի ավարտից հետո կապալառուի հետ նախատեսվում է կնքել պայմանագիր: Կապալառուն պետք է վեց ամսվա ընթացում մշակի և ներկայացնի նոր աղբավայրի կառուցման և հին աղբավայրերի փակման նախագծերը»:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե իրենց խնդիրը որն է. աղբավայրը փակե՞լ, թե՞ աղբի վերամշակման գործարան ունենալ:

Պապիկյանն արձագանքեց, որ սա 30-40-50 տարվա պատմություն ունեցող աղբավայր է, այն հետաքրքիր չէ պոտենցիալ ներդրողի համար, շահույթ ստանալն անհնարին է, և հավելյալ գումարներ պետք է ներգրաել՝վերամշակող ներգրավելու համար. «Ներդրողներին հետաքրքիր է որակյալ աղբը, իսկ այս աղբավայրի աղբում չկան այն բաղադրիչները, որոնք հետաքրքիր են ներդրողներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին