Կարևոր իրադարձություններ

Մարտի 1-ի գործով Արմեն Գևորգյանը ևս կկալանավորվի՞. «Ժողովուրդ»

13 Դեկտեմբեր, 2018 09:09
Մարտի 1-ի գործով Արմեն Գևորգյանը ևս կկալանավորվի՞. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հատուկ քննչական ծառայությունը մարտի 1-ի գործի շրջանակներում նոր մեղադրանք է առաջադրել 2008թ. ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ԱԱԽ նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին: Ավելին, երեկ ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Դատարանը դեռ որոշում չի կայացրել. այս գործով դատաքննությունը կշարունակվի այսօր:

Սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, մեծ է հավանականությունը, որ դատարանը կբավարարի ՀՔԾ միջնորդությունը, և Արմեն Գևորգյանը կկալանավորվի: Այդ են հուշում և՛ մեղադրանքի բովանդակությունը, և՛, ընդհանրապես, իրադարձությունների ընթացքը: Դեռ օգոստոսին Ա. Գևորգյանին մարտի 1-ի գործով մեղադրանք էր առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար, և որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրությունը: Հիմա այդ մեղադրանքին ավելացել է ևս մեկը` սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը: Առայժմ ո՛չ նախաքննական մարմինը, ո՛չ էլ Գևորգյանի փաստաբանները չեն մանրամասնում, թե Գևորգյանն ինչպես է օժանդակել սահմանադրական կարգի տապալմանը:

Պաշտպան Էրիկ Անդրեասյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, ասել է, թե «Քրեական իրավունքի տեսության համաձայն` օժանդակելը կարող է լինել թե՛ ինտելեկտուալ, թե՛ ֆիզիկական, ինչը նշանակում է որոշակի տեղեկություններ տրամադրելը կամ խոչընդոտներ վերացնելը, որն ուղղված կլինի հանցագործության կատարմանը»:

Եթե հիշենք` ով էր Արմեն Գևորգյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, ինչ դիրք էր զբաղեցնում իշխանական հիերարխիայում, ապա կարելի է ենթադրել մեղադրանքի բովանդակությունը:

Բացի այդ, Գևորգյանը մեկ ուրիշ գործով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար. այս երկու մեղադրանքը ևս նոր է առաջադրվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին