Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

Փաշինյանի նոր կառավարությունն իրական հակակոռուպցիոն մարտավարության կարիք ունի

12 Դեկտեմբեր, 2018 18:43
 Փաշինյանի նոր կառավարությունն իրական հակակոռուպցիոն մարտավարության կարիք ունի

Եվրոպական քաղաքականության կենտրոնի վերլուծաբաններ Ամանդա Փոլն ու Դենիս Սամութն անդրադարձել են դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ Քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակին:

Հեղինակների կարծիքով՝ ընտրողների մասնակցության ցածր հայտը (48.63%) վկայում է առ այն, որ ժողովրդի շրջանում հիասթափության մակարդակը բարձր է:

«Փաշինյանի համար «նոր» Հայաստանի տեսլականը կյանքի կոչելը մարտահրավեր կլինի: Այժմ, երբ Փաշինյանն ունի խորհրդարանական մեծամասնություն, պետք է գործի անցնի երեք կարևորագույն ոլորտներում՝ ներքին բարեփոխումներ, արտաքին քաղաքականություն և Լեռնային Ղարաբաղ»,-գրում են հեղինակները՝ նկատելով, որ հայ հասարակությունն իրական փոփոխության ակնկալիք ունի:

Վերլուծաբանները նշում են, որ Փաշինյանի նոր կառավարությունն իրական հակակոռուպցիոն մարտավարության կարիք ունի: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խթանել տնտեսության զարգացումը, նվազեցնել աղքատության մակարդակը, բարելավել կյանքի որակը:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա ըստ վերլուծության՝ ռազմական և պաշտպանական հարցերում Հայաստանի գլխավոր գործընկեր Ռուսաստանը խոր կասկածանքով է վերաբերվում Փաշինյանին:

«Պուտինի վստահությունը շահելու նրա հույսը՝ մեղմ ասած միամիտ է: Փաշինյանի առաջնորդած փողոցային հեղափոխությունը նոր շունչ տվեց այն հեռանկարին, որ նախկին խորհրդային պետություններում էլ կարող են նման զարգացումներ տեղի ունենալ:Եվ թեև Կրեմլը ցանկանում  է ցույց տալ, որ դա իրեն չի մտահոգում, սակայն այդպես չէ: Մինչդեռ Արևմուտքը դեռևս փորձում է հասկանալ՝ ով է Փաշինյանը, որտեղից է եկել և ուր է գնում: ԵՄ և արևմտյան շրջանակները լավ են տրամադրված Փաշինյանի նկատմամբ, բայց նրան դեռևս հարկավոր է հաջողված համակրանքը վերածել շոշափելի աջակցության: Մտահոգություն կա, որ  Փաշինյանը բավականաչափ համբերություն չի ունենա ժամանակի ընթացքում ԵՄ-ի հետ հարաբերություններն արվելի հստակ ուրվագծելու, խորացնելու համար: Հայաստանի կառավարության համար առաջնային կարևորագույն նպատակը կլինի Ռուսաստանի և արևմուտքի, մասնավորապես՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճիշտ հավասարակշռումը»,-նշում են վերլուծաբանները:

Անդրադարձի վերջում խոսվում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Հեղինակները նշում են, որ թեև վերջին ամիսներին ԼՂ շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ռիսկերը շարունակում են մեծ լինել:

«Փաշինյանի ընդդիմախոս ուժերի համար ղարաբաղյան հակամարտությունն ընկալվում է որպես վարչապետի «աքիլլեսյան գարշապար»: Այժմ Փաշինյանի ընտրած մարտավարությունը, որը հիմնված է թափանցիկություն, ներառվածության և պրագմատիզմի վրա, պետք է թեստ անցնի: Միևնույն ժամանակ չի կարելի անտեսել Հանրապետական կուսակցության նախազգուշացումներն առ այն, որ լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա: Որպես Ադրբեջանի հետ տասը տարի բանակցած կողմ՝ Հանրապետական կուսակցությունը միանգամայան գիտակցում է այն ռիսկը, որ եթե Ալիև-Փաշինյան «մեղրամիսը» բանակցային գործընթացում չհանգեցնի շոշափելի առաջընթացի, հիասթափված Ադրբեջանը կարող է խնդրի լուծման այլ տարբերակներ որոնել:Ամեն դեպքում Փաշինյանի առաջ ծառացած մարտահրավերներն ահռելի են՝ հաշվի առնելով հասարակության մեծ սպասումները»,-եզրափակել են վերլուծաբանները:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին