Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    531
    539

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

Դատարանն այսօր քննելու է Վաչագան Ղազարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու հարցը

12 Դեկտեմբեր, 2018 16:49
Դատարանն այսօր քննելու է Վաչագան Ղազարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու հարցը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը գրավով փոխելու փաստաբանի միջնորդությունը դատարանը մերժել է։

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանի համար առաջարկվել էր 5 մլն դրամ գրավ վճարել։

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Ղազարյանը հայտարարություն է տարածել, որտեղ մանրամասն նկարագրել է, թե որտեղից են գոյացել իր դրամական միջոցները, միևնույն ժամանակ նշել է․

«Անկախ այս ամենից ես և ընկերս քրեական վարույթն իրականացնող մարմնի համաձայնության դեպքում պատրաստակամ ենք վերը նշված ամբողջ դրամական միջոցները, մոտ 6 /վեց/ միլիոն դոլարի չափով փոխանցել պետությանը՝ ՀՀ և ԱՀ անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կամ պետական այլ կարիքների համար»։  

«Ես ձևակերպումն այդպես չէի տա, որ ազատության դիմաց վճարում, փրկագին և այլն։ Մենք զերծ ենք մնացել նման արտահայտություններից կամ որակավորումներից։ Հստակ նշված է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի հետ  համաձայնեցված կարգով։ Դա պարզապես պատրաստակամություն է, որը հայտնել ենք դրա իրականացման եղանակները պետք է քննարկվի, որ ցանկացած եղանակ համապատասխանի օրենքին»։  Այս մասին Shabat.am լրատվականի հետ զրույցում ասաց Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը, պատասխանելով այն հարցին, թե 6 մլն դոլարը նվիրաբերում է պետությանը՝ ազատությա՞ն դիմաց։

Փաստաբանը հիշեցրեց, որ այսօր իր պաշտպանյալի գործով դատական նիստն է տեղի ունենալու, որտեղ քննարկվելու է Վաչագան Ղազարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու քննչական մարմնի միջնորդությունը։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 25.06.2018թ.-ին ձերբակալված Վաչագան Ղազարյանին (Պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ) 27.06.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել այն արարքների կատարման համար, որ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է:

Մինչև 2018թ.-ի մայիսի 17-ը ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանի` Երևան քաղաքի Տերյան փողոցի 66-րդ շենքի 62-րդ բնակարանում 2018թ.-ի հունիսի 20-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 35.000.000 ՀՀ դրամ, 1.110.400 ԱՄՆ դոլար230.500 եվրո, իսկ վերջինիս պատկանող ավտոտնակում հունիսի 21-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 2.000 ԱՄՆ դոլար:

2018թ.-ի հունիսի 25-ին Վաչագան Ղազարյանը Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի 13 հասցեում գործող «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից կանխիկացրել է 50.000 ԱՄՆ դոլար, իսկ Չարենցի փողոցի 12 հասցեում գործող «Յունիբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից՝ 120.000 ԱՄՆ դոլար և 436.000.000 ՀՀ դրամ, որից անմիջապես հետո բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որտեղ նշված գումարները հայտնաբերվել և առգրավվել են:

Քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանն իր՝ 2017թ.-ի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ.-ի մայիսի 17-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝  460.000.000 ՀՀ դրամի, 615.268.944 ՀՀ դրամին համարժեք՝ 1.272.900 ԱՄՆ դոլարի և 124.371.180 ՀՀ դրամին համարժեք՝ 218.000 եվրոյի չհայտարարագրմանը, և հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, այսինքն` վերջինս ապօրինի հարստացել է:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին