«Ձևավորված խորհրդարանը լեգիտիմ է և վայելում է հասարակության կեսից ավելիի վստահությունը»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ ընդգծելով, որ ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ:
Ըստ քաղտեխնոլոգի՝ քվեարկության մասնակցողների շահարկվող թիվը՝ 48.63%, չի համապատասխանում իրականությանը, որովհետև Հայաստանում չի բնակվում այնքան մարդ, որքան հրապարակված է: Հետևաբար` ընտրությանը մասնակցել են Հայաստանում բնակվողների 55%-ից ավելին:
«Այսօրվա խորհրդարանի ցուցանիշը վատ չէ , բայց վարչապետը պետք մտածի, թե ինչպես «Իմ քայլը» դաշինքին տա գաղափարական ուղվածություն, որպեսզի իր շնորհիվ ձեռք բերված վարկանիշն անկում չապրի»,- ասաց Արմեն Բադալյանը:
Անդրադառնալով խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին՝ նա նշեց. «ԲՀԿ»-ի գրավչությունն, ըստ երևույթին, գնալով մարում է և եթե առաջիկայում լուրջ առանցքային դիրքի չենթարկվի, հնարավոր է՝ հաջորդ ընտրություններում այլևս չանցնի խորհրդարան կամ անցնի ավելի քիչ ձայներով:
«Լուսավոր Հայաստանի» քարոզչական ռազմավարությունը ճիշտ չէր, այլապես միանշանակ 2-րդ ուժը կարող էր լինել»,- ընդծեց Բադալյանը:
Խոսելով խորհրդարան չանցած ուժերից՝ քաղտեխնոլոգն ընդգծեց, որ «Հայաստանի հանրապետական կուսակցություն»-ը ճակատագրական սխալ գործեց՝ կողմ չքվեարկելով ընտրական նոր օրենսգրքի ընդունմանը:
«Եթե կողմ քվեարկեին, ապա անցողիկ շեմը լինելու էր 4%-ը. ՀՀԿ-ն կանցներ խորհրդարան: Նրանց չհերիքեց մոտ 5000 ձայն և դա ուներ երկու պատճառ. կուսակցության ղեկավարը մնաց նույնը, իսկ Վիգեն Սարգսյանի պահվածքը վերջին շաբաթներին այնքան էլ ճիշտ չէր, դրանով կուսակցությունը միանշանակ ձայներ կորցրեց»,- նշեց քաղտեխնոլոգը:
Խորհրդարան չանցած ուժերից ՀՅԴ-ի վերաբերյալ Բադալյանն ասաց, որ նրանք վաղուց հեռացել են հայդատական և սոցիալական գաղափարախոսությունից և միշտ եղել են ՀՀԿ-ի կցորդը, ինչն ազդեց իրենց՝ խորհրդարանում լինելու–չլինելու հանգամանքի վրա: «Սասնա ծռերը» ևս հայդատական են, սակայն վերջին երկու կուսակցություններն էլ պետք է արմատական բարեփոխումների ենթարկվեն»,- հավելեց նա:
Shabat.am-ի հարցին, թե կարո՞ղ են ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն ծանրակշիռ ընդդիմություն լինել իշխող «Իմ Քայլը» դաշինքի համար, քաղտեխնոլոգը պատասխանեց.
«Ծանրակշիռ կլինեն, թե ոչ, այդուամենայնիվ ունենք այն ընդդիմությունը, որն ունենք: Հնարավոր է, որ այս կամ այն հարցի շուրջ այդ երկու ուժերը ինչ-որ օրակարգ ձևավորեն և միասնական քննադատության ենթարկեն իշխանությանը և հնարավոր է, որ առանձին-առանձին քննադատեն:
Չի բացառվում նաև, որ շատ հարցերում համաձայնեն «Իմ քայլը» դաշինքի հետ: Ամեն դեպքում նրանք այն ընդդիմությունն են, որը ցանկացել է հանրությունը»,- եզրափակելով իր խոսքն ասաց Արմեն Բադալյանը: