Կարևոր իրադարձություններ

Ընտրությունները ՀՀ-ում թափանցիկ էին եւ բաց. ԱՊՀ դիտորդներ

10 Դեկտեմբեր, 2018 14:42
Ընտրությունները ՀՀ-ում թափանցիկ էին եւ բաց. ԱՊՀ դիտորդներ

Դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվել են ՀՀ Սահմանադրությանը եւ Ընտրական օրենսգրքին համապատասխան: Ընտրությունները անցկացվել են բազմակուսակցական հիմքով, թափանցիկ էին եւ բաց: Բոլոր ընտրական հանձնաժողովները ընտրողների կամքի ազատ արտահայտման համար պայմաններ են ապահովել: Նման եզրակացության են եկել ԱՊՀ դիտորդները: ՀՀ նախագահի հրավերով ժամանած առաքելությունում ընդրկվել էին ԱՊՀ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, Բելառուս-Ռուսաստան միության խորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ գործադիր կոմիտեի 8 պետությունների ներկայացուցիչներ: Ընդհանուր 84 մարդ, որոնցից 16-ը՝ երկարաժամկետ հիմքով: Հայտարարության ամբողջ տեքստը կտեղադրվի ԱՊՀ գործադիր կոմիտեի կայքում՝ ԿԸՀ կողմից քվեարկության պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո:

Հայտարարությունում նշվում է, որ առաքելությունն աշխատել է հրապարակավ եւ բաց, չի միջամտել  ընտրական գործընթացին եւ երկրի ներքին գործերին: 

Ներկայիս ընտրությունների առանձնահատկությունը քարոզարշավի կրճատված ժամկետն էր: Առաքելությունը հաստատում է 2017 թվականի ընտրությունների արդյունքների եզրակացությունները եւ արձանագրում, որ ԸՕ-ն հնարավորություն տալիս  է ազատ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար:

Որպես թերություն է նշվել այն փաստը, որ սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար ընտրությունների կազամկերպում նախատեսված չէ: Ընդ որում նշվում է ԿԸՀ-ի ճշգրիտ եւ հստակ աշխատանքի մասին, որը կարճ ժամանակում ընտրությունների անցկացման եւ նախապատրաստման համար միջոցառումների կազմակերպում է կատարել:

Երկարաժամկետ դիտորդները 13 ընտրական տարածքներից ծանոթացել են 10-ի աշխատանքի հետ, նրանց հնարավորություն է տրվել ծանոթանալ հանձնաժողովի աշխատանքի եւ փաստաթղթերի հետ:

ԿԸՀ-ն եւ հանձնաժողովները անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման համար՝ երկրի օրենսդրությանը համապատասխան եւ բարձր կազմակերպչական մակարդակում:

Ցուցակները նախօրոք փակցվել էին, եւ անճշտությունների դեպքում քաղաքացիները կարող էին դիմում ներկայացնել: Առաքելության կարծիքով՝ ցուցակների կազմումն ու ճշտումը կազմակերպվել է ԸՕ-ի համաձայն: Օրենսգրքին համապատասխան է իրականացվել նաեւ թեկնածուների առաջադրման իրավունքի իրականացումը: Նման լայն սպեկտրով 11 քաղաքական ուժերի մասնակցությունը ընտրողներին ընտրության հնարավորություն է տրամադրել:

Կուսակցությունների եւ դաշինքների համար հավասար պայմաններ են ապահովվել, նրանց անվճար եթերաժամանակ է հատկացվել հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, նրանք վճարովի ժամանակի իրավունք ունեին: Դեկտեմբերի 5-ին երկրի պատմության մեջ առաջին անգամ կուսակցությունների եւ դաշինքների ցուցակների առաջին համարների մասնակցությամբ բանավեճ է տեղի ունեցել, որը տեւել է 3 ժամից ավելի:

Միաժամանակ, գրանցվել են աննշան խախտումներ. պաստառների վնասման դեպքեր, ոչ պատշաճ տեղերում քարոզարշավային նյութերի տեղադրում: Գլխավոր դատախազությունում հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել խախտումների մասին հաղորդումներն ուսումնասիրելու համար: Դեկտեմբերի 7-ի դրությամբ այն քննել է լրատվամիջոցների 59 հրապարակում: Ոստիկանությունում քննվել է 64 հաղորդում:

Քվեարկության օրը կիրառվել է տեխնիկական սարքավորում, որը բացառում էր կրկնաքվեարկությունը: 1500 տեղամասեր հագեցած էին տեսահսկման միջոցներով: ԱՊՀ առաքելության ներկայացուցիչներն այցելել են 13 ընտրական տարածքների 677 տեղամասային կենտրոններ: Տեխնիկական սարքավորումներն ընդհանուր առմամբ անխափան են գործել:

Դիտորդների հաշվետվություններում նշված են առանձին խախտումներ, որոնք չէին կարող ազդել քվեարկության արդյունքների վրա: 22 հասարակական կազմակերպություններից դիտորդների մեծ թիվը թույլ է տվել ապահովել քաղաքացիական վերահսկողություն: ԱՊՀ դիտորդները նշում են, որ ընտրությունները գնահատում են սեփական դիտարկումների եւ փաստացի նյութի վերլուծության հիման վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին