Կարևոր իրադարձություններ

Արձանագրվել է ենթադրյալ ընտրական հանցագործության 252 դեպք

10 Դեկտեմբեր, 2018 10:27
Արձանագրվել է ենթադրյալ ընտրական հանցագործության 252 դեպք

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ուսումնասիրել և ամփոփել է դեկտեմբերի 9-ին ժամը 08.00-ից մինչև 20.00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին առնչվող առերևույթ ընտրական հանցագործությունների մասին իրավապահ մարմինների ստացած  252 դեպքի մասին ահազանգ:

Դեպքերից 97-ի մասին տվյալներն ստացվել են զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումների հիման վրա, որոնք հասանելի են դարձել ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող մշտադիտարկման, 69-ը՝ քաղաքացու կողմից ՀՀ ոստիկանություն կամ դատախազություն ներկայացված դիմումների և հաղորդումների, իսկ 86-ը՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից  ներկայացված զեկուցագրերի արդյունքում: 

Նշված բոլոր դեպքերը դատախազության մարզային ստորաբաժանումների, ինչպես նաև ՀՀ զինվորական դատախազության դատախազների հսկողության ներքո ստուգվել կամ շարունակւմ են ստուգվել հետաքննության և նախաքննության մարմինների կողմից:

Մասնավորապես՝ աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրությամբ պարզված՝ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակող 144 դեպքով իրականացվել կամ իրականացվում են ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում մի մասով արդեն իսկ հերքվել են ներկայացված ենթադրյալ հանցագործության փաստերը և թողնվել անհետևանք:

108 դեպքով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր:

Դրանցից՝ 

82-ը վերաբերում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձերին,

3-ը վստահված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն,

5-ը՝ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն,

2-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն,

10-ը՝ քվերակության գաղտնիությունը խախտելուն,

3-ը՝ ընտրակաշառք տալուն,

3-ը՝ այլ:

Ըստ դատախազության ստորաբաժանումների դատավարական ղեկավարման՝ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից նախապատրաստվող նյութերով  նշված 108 դեպքերի բաշխվածությունն ունի հետևյալ պատկերը.

ՀՀ զինվորական դատախազություն՝ 3 դեպք,

Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազություն՝ 19 դեպք,

Սյունիքի մարզ՝ 8 դեպք,

Արմավիրի մարզի դատախազություն՝ 9 դեպք,

Լոռու մարզի դատախազություն՝ 2 դեպք,

Շիրակի մարզի դատախազություն՝ 11 դեպք,

Գեղարքունիքի մարզի դատախազություն՝ 11 դեպք,

Տավուշի մարզի դատախազություն՝ 6 դեպք,

Վայոց Ձորի դատախազություն՝ 1 դեպք, Արարատի մարզի դատախազություն՝ 9 դեպք,

Արագածոտնի մարզի դատախազություն՝ 8 դեպք,

Կոտայքի մարզի դատախազություն՝ 15 դեպք:

ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում  արձանագրված առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերն ուսումնասիրելուն և դրանց հիման վրա իրականացվող ստուգողական գործողությունների, նյութերի նախապատրաստման, ինչպես նաև հարուցված քրեական գործի(երի) նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված աշխատանքները:

Դրանց հետագա արդյունքները կներկայացվեն առաջիկայում:

 

Լրահոս

Դիտել ավելին