Կարևոր իրադարձություններ

Պարոն Վանեցյան, զանգահարեք, ես ինքս կգամ. Շահնազարյան

09 Դեկտեմբեր, 2018 18:45
Պարոն Վանեցյան, զանգահարեք, ես ինքս կգամ. Շահնազարյան

Ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի է ունեցել պետական հեղաշրջում, որը իրավական մեղադրանք է. ես չեմ պատրաստվում դա ապացուցել, դա կապացուցի միջազգային քննությունը, երբ դրա ժամանակը գա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով. «Երկրորդ, ապրիլ-մայիսին եղել է նաեւ Սահմանադրական կարգի տապալում»:

Հարցին, թե եթե նորից իրեն հրավիրեն ԱԱԾ, կգնա՞, Շահնազարյանը պատասխանեց. «Թող հրավիրեն, բայց երկու խնդրանք Վանեցյանին: Պարոն Վանեցյան, զանգահարեք, ես ինքս կգամ, տղաներին պետք չի անհարմար վիճակի մեջ դնել: Երկրորդ խնդրանքը, ես գիտեմ, որ դու իմ ասուլիսը սղագրել ու դրել եք վարչապետի առաջ: Ես պատրաստվում եմ դա թղթին հանձնել ու հրապարակել մի քանի լեզուներով: Էդ սղագրությունն ուղարկեք ինձ, ոչ ոքի չեմ ասի»:

Դավիթ Շահնազարյանը ընդգծեց, որ յուրաքանչյուր ձայն, որ կգնա «Իմ քայլը» դաշինքին, կրակոց է Արցախի ուղղությամբ. «Հիմա ընտրություն է ՀՀ քաղաքացու եւ էյֆորիայի միջեւ: Այսօր ընտրությունը պատասխանատվության եւ ահավոր ծրագրեր ունեցող մեկ անձի միջեւ է: Մի փոքր մաս կա, որ ինքը ՀՀ քաղաքացի է եւ գտնվում է էյֆորիայի տակ: Փաստարկը, որ ՀՀԿ-ն վատն է, ուրեմն մենք լավն ենք, բացարձակապես ոչինչ չի նշանակում: Մենք ունենք անպատասխանատու իշխանություն, որն իրեն ծիծաղելի վիճակում է դրել միջազգային բոլոր հարթակներում եւ ՀՀ քաղաքացին պետք է դա տեսնի եւ արդեն տեսնում է: Միջազգային հարթակներում շատ լավ հասկանում են, որ ՀՀ այսօրվա իշխանությունը ՀՀ քաղաքացուն չի ներկայացնում, ներկայացնում է էյֆորիան»,-ասաց Շահնազարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին