Կարևոր իրադարձություններ

Եռաբլուր պանթեոնում զինվորական կարգով հուղարկավորվեցին ավիավթարից զոհված օդաչուները

08 Դեկտեմբեր, 2018 16:19
Եռաբլուր պանթեոնում զինվորական կարգով հուղարկավորվեցին ավիավթարից զոհված օդաչուները

Եռաբլուր պանթեոնում զինվորական կարգով հուղարկավորվեցին ԶՈՒ ՍՈՒ 25  ինքնաթիռի վթարից զոհված 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:

ՀՀ ԶՈՒ ավիացիայի շտաբի պետ,  գնդապետ Գագիկ Ասլանյանը ներկայացրեց օդաչուների անցած ճանապարհը՝ նկատելով, որ դեկտեմբերի 4-ին ավիավթարից մահացան պրոֆեսիոնալներ։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն էլ նշեց, որ այսօր հավաքվել են Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ հարգանքի տուրք մատուցելու հայորդիներին, որոնք կյանքը զոհաբերեցին հայրենիքին ծառայություն մատուցելիս։

«Դեկտեմբերի 4-ին մենք՝ զինվորականներս, 2 ընկեր կորցրինք, հայրենիքը՝ 2 պաշտպան, իսկ նրանց ընտանիքները՝ ամուսին, հայր ու որդի։ Կորուստը, անկասկած, շատ մեծ է, սփոփանքի խոսքերը՝ ավելորդ։ Հայրենիքին  ծառայելու որոշումը յուրաքանչյուրս կայացնում ենք ինքնուրույն, մեզնից յուրաքանչյուրը կայացրել է այդ որոշումը, նրանք էլ կայացրել էին իրենց որոշումը։ Օդաչուի յուրաքանչյուր թռիչք հերոսություն է»,- եզրափակեց Արտակ Դավթյանը։

Հուղարկավորությանը ներկա էր նաև ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը,Կառավարության անդամներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Հիշեցնենք, որ  նախնական տվյալներով՝ մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ։ Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման պատճառները։


 

Լրահոս

Դիտել ավելին