Կարևոր իրադարձություններ

«Ոչ թե բովանդակությունը մի քիչ է փոխվել, այլ ամբողջությամբ է փոխված». Վանեցյանը՝ գաղտնալսումների մասին

07 Դեկտեմբեր, 2018 21:04
«Ոչ թե բովանդակությունը մի քիչ է փոխվել, այլ ամբողջությամբ է փոխված». Վանեցյանը՝ գաղտնալսումների մասին

«Տխրահռչակները գաղտնալսումներ իրականացնողներն են»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե կալանավորումը «տխրահռչակ ձայնագրությունների» հետ կապված վենդետա է, արձագանքել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Մեկնաբանությունն արդեն իսկ վարչապետի կողմից եղել է, ես դրան ավելացնելու բան չունեմ: Կարող եմ հավաստիացնել ձեզ,  որ գաղտնալսումները ներկայացված են ընտրովի, մոնտաժված են: Դա քննությունը կապացուցի, դա մի փաստ է, որն անհերքելի է: Այսինքն՝ քննությունը կպարզի, թե քանի հատ և քանի րոպեանոց հեռախոսազրույցներ եմ ունեցել վարչապետի, և քննչական կոմիտեի պետի հետ: Դա նաև կներկայացվի հանրությանը»,- ասել է նա:

Ձայնագրությունը, ըստ Արթուր Վանեցյանի, նորություն չէ, այդ մասին վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել էր: Դիտարկմանը, թե մոնտաժման հետևանքով՝ խոսակցության բովանդակությունը փոխվել է, նա պատասխանեց.

«Ոչ թե բովանդակությունը մի քիչ է փոխվել, այլ ամբողջությամբ է փոխված»:

Նա մանրամասներ չներկայացրեց, միայն տեղեկացրեց, որ դեկտեմբերի 15-ին նախատեսված է իր հանդիպումը լրագրողների հետ, որտեղ կներկայացնի մի քանի բան, իրենց նոր կայքը և այլն, այդ թվում՝ պատասխանելու է լրագրողների հարցին:

Հարցին, թե գաղտնալսումները վերջինն էին, նա պատասխանեց.

«Գաղտնալսողներից հարցրե՛ք»: Իսկ թե արդյոք կապում է դրանք Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, նա արձագանքեց․ Եկեք՝ ես ենթադրություններով չխոսեմ: Ամեն ինչը մեր հասարակությունը շատ լավ պատկերացնում է և իր եզրակացությունը անում»:

 

Լրահոս

Դիտել ավելին