Կարևոր իրադարձություններ

«Հայաստան» հիմնադրամը նոր ձեւաչափով է շարունակելու Գյումրիում բնակարանով ապահովելու ծրագիրը

07 Դեկտեմբեր, 2018 15:56
 «Հայաստան» հիմնադրամը նոր ձեւաչափով է շարունակելու Գյումրիում բնակարանով ապահովելու ծրագիրը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հայտարարություն է տարածել Սպիտակի երկրաշարժի մասին, որում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

1988-ի երկրաշարժից անցել է 30 տարի, ու, ցավոք, Գյումրիում ավելի քան 2500 ընտանիք դեռ ապրում է ժամանակավոր կացարաններում` վագոն-տնակներում, կիսախարխուլ շենք-շինություններում ու հանրակացարաններում, ուր չկան տարրական մարդկային պայմաններ:

Երկրաշարժից հետո ի հայտ եկած տնակային ավանները գտնվում են քաղաքի երկրորդական փողոցներում եւ վերածվել են քաղաքի ներսում առանձին համայնքների, որտեղ իշխում է աղքատությունը: Գյումրիի «դոմիկային թաղամասերը» մեր պետության, մեր բոլորի ցավն են. անմարդակային պայմաններում սերունդներ են մեծացել ու մեծանում:

Սկսած 2015 թվականից «Մեր Գյումրին» ծրագրի շրջանակներում Համահայկական հիմնադրամը բնակարաններ է հատկացրել Գյումրիի տնակ-վագոններում ապրող 41 ընտանիքի: Բնակարանները շահառուներին հանձնել ենք հիմնանորոգված, կահավորված, կենցաղային տեխնիկայով եւ ջեռուցման համակարգով համալրված վիճակում։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր թափով ու նոր ձեւաչափով է շարունակելու Գյումրիի անօթեւան ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը: Միասին կարող ենք օգնել մեծ թվով ընտանիքների, փոխել նրանց կյանքը, փոխել Գյումրի քաղաքի դիմագիծը»:

 

Լրահոս

Դիտել ավելին