Կարևոր իրադարձություններ

Գործող իշխանությունը չեն կարողանալու աշխատացնել գործարանները. Արամ Սարգսյան

06 Դեկտեմբեր, 2018 16:41
Գործող իշխանությունը չեն կարողանալու աշխատացնել գործարանները. Արամ Սարգսյան

Գործող իշխանությունը չեն կարողանալու աշխատացնել գործարանները։ Այս մասին ասաց «Մենք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Մասիսում ընտրողների հետ հանդիպմանը։

«Էդ գործարանները ո՛չ այս իշխանությունը, ո՛չ նախորդ իշխանությունը չեն աշխատացրել ու չեն կարողանալու աշխատացնել՝ մի պարզ պատճառով, որովհետեւ իրենց հույսը ներդրումների մասով հիմնականում Եվրասիական տնտեսական միության հետ է կապված, այսինքն՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի. ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Բելառուսը, ո՛չ Ղազախստանը այստեղ գործարան կառուցողը չեն»,–նշեց նա։

Արամ Սարգսյանի պնդմամբ գազի գինը 30 տոկոսով կարող է իջեցվել. «Երբ ասում ենք՝ 30 տոկոսով կարող ենք գազի գինն իջեցնել, օդից չենք ասում: Ուղղակի նայել է պետք, թե ինչպես են գազաֆիկացրել, ինչ գներ են մտցրել ու ովքեր են էդ փողերն աշխատել։ Երբ իմ ընկեր Խաչատուր Քոքոբելյանն ասում էր, ասում էի արի 25 տոկոս ասենք, հետո կամաց–կամաց խորացա, ասեցի չէ, շատ էլ ճիշտ բան է ասում, հլը մի բան էլ համեստ է ասում»։

Արամ Սարգսյանն ընդգծում է՝ փողը դրսում է՝ Եվրոպայում է, դրա համար էլ պնդում են, որ մեր զարգացման ուղին եվրոպական մոդելն է. «Իրենք են, որ ազատ գումարներ ունեն, իրենք են, որ ազատ տնտեսական պայմաններում կարող են գալ, գործարաններ դնել»:

Նրա համոզմամբ՝ վերոհիշյալ երկրները նոր գործարան կառուցելու համար փող դնող չեն. «Իրենք ի՞նչ են անում՝ եթե այստեղ նույնիսկ փող են դնում, գալիս-առնում են մեզանից շահութաբեր ոլորտները՝ գույք պարտքի դիմաց են վերցնում, էներգետիկա են վերցնում, որտեղ փող է, գազ են վերցնում, որտեղ փող է: Ամբողջ Հայաստանը գազաֆիկացնեն, հին գազախողովակները տեղադրեն, հետո էդ մտցնեն ինքնարժեքի մեջ ու մեզ քերթեն»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին