Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը թույլատրեց մինչեւ 2019 թ. մարտի 1-ը աջ ղեկով մեքենաներ ներմուծել, ղեկը փոխել եւ շահագործել

06 Դեկտեմբեր, 2018 13:48
 Կառավարությունը թույլատրեց մինչեւ 2019 թ. մարտի 1-ը աջ ղեկով մեքենաներ ներմուծել, ղեկը փոխել եւ շահագործել

 ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու համար,- այսօր` դեկտեմբերի 6-ին, կառավարության նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ  Բադալյանը ներկայացրեց  «ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1359-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը:

Նրա խոսքով՝ նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծելու  ՀՀ տարածք, ՀՀ տարածքում մինչեւ 6-ամսյա ժամկետում իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգի, այնուհետեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում եւ ազատ շահագործել ՀՀ տարածքում: Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու վերջնաժամկետը 2019 թվականի մարտի 1-ն է:

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հստակեցրեց, որ այն մեքենաները, որոնք կուտակված են մաքսակետում եւ այն մեքենաները, որոնք մինչեւ մարտի մեկը կհայտնվեն մաքսակետում, հնարավորություն կունենան այս մեխանիզմով փոխելու ղեկը եւ շահագործելու:

«Այն ներմուծողները, որոնք մաքսակետում են, պարտավորություն են ստանձնել, որ սա վերջին խմբաքանակն է, որ հնարավորություն են ստանում մաքսազերծելու»,-ասաց փոխնախարարը:

Տիգրան Ավինյանն արձագանքեց, որ այս կարգավորումը գործելու է մինչեւ 2019 թվականի  մարտի մեկը եւ կարեւորեց, որ հասարակությունը տեղեկացված լինի այն մասին, որ արգելքը շարունակելու է գործել դրանից հետո:

 

 

Լրահոս

Դիտել ավելին