Կարևոր իրադարձություններ

Գևորգը բարեց է, ով մի քանի անգամ առաջարկել է հանդիպել Ծառուկյանի հետ․ Մարուքյան

06 Դեկտեմբեր, 2018 12:30
Գևորգը բարեց է, ով  մի քանի անգամ առաջարկել է հանդիպել Ծառուկյանի հետ․ Մարուքյան

Այսօր՝ դեկտեմբերի 6–ին, լրագրողների հետ զրույցում  «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նախօրեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, ասաց, որ 2012թ.–ի ընտրությունների ժամանակ տարբեր քաղաքական ուժերից ինձ առաջարկում էին հանդիպել իրենց առաջնորդի հետ, այդ թվում ԲՀԿ–ից, սակայն, ես մերժել եմ ու որևէ ուժի հետ հանդիպում չեմ ունեցել։

«2012թ. ընտրությունների ժամանակ տարբեր քաղաքական ուժերից մարդիկ գալիս էին, ասում՝ արի գնանք, մեր առաջնորդի հետ հանդիպի, որ քո համար լավ լինի, մի ուժն էլ «Բարգավաճ Հայաստանն» էր, որ էն ժամանակ կոալիցիոն ուժ էր, կոալիցիոն թեկնածուն էլ Վիկտոր Դալլաքյանն էր, ես որևէ ուժի հետ մերժել եմ հանդիպումները։ Գևորգը բարեց է, միասին ենք ծառայել, նա մի քանի անգամ առաջարկել է հանդիպում Ծառուկյանի հետ՝ և ընտրություններից առաջ, և հետո, սակայն, ես մերժել եմ»,– ասաց  Մարուքյանը։ 

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի հետ առաջին անգամ հանդիպել է ընտրություններից հետո ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված մի միջոցառման ժամանակ, իսկ իրենց ծանոթացրել է Խաչիկ Գալստյանը։

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում կայացած քաղաքական լիդերների դեբատի ժամանակ Էդմոն Մարուքյանը Ծառուկյանից հետաքրքրվեց, թե ինչ արժեք է ստեղծում «Շանգրիլա» կազինոն։ Ծառուկյանն էլ իր հերթին հետաքրքրվեց, թե Մարուքյանն իր կյանքում ինչ է արել։

«Ես կլասիկ պատգամավոր եմ»,– ինչին Ծառուկյանն արձագանքեց. «Ես քո կլասիկ ցավը տանեմ... Էդ որ պատգամավոր էին ընտրվում, ո՞վ էր քեզ աջակցում։ Գևորգին ճանաչո՞ւմ ես, որ քո քարոզարշավն էր կազմակերպում, պիտի գայիր, ճանապարհին իմացար, որ թղթերդ պակաս են, չեկար։  Չի կարելի դեմագոգություն անել, Մարուքյան»։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին