Կարևոր իրադարձություններ

Ես սա համարում եմ «դըմփ-դըմփ-հու» տնտեսություն. Վիգեն սարգսյանը և քաղաքական մյուս ուժերը տնտեսության մասին

05 Դեկտեմբեր, 2018 23:53
Ես սա համարում եմ «դըմփ-դըմփ-հու» տնտեսություն. Վիգեն սարգսյանը և քաղաքական մյուս ուժերը տնտեսության մասին

«Կոռուպցիայի դեմ պայքարի առումով ՀՀ-ում աննախադեպ պրոցես է ընթանում, բացահայտվել են երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կոռուպցիոն գործարքները եւ գողացվածը կվերադարձվի ժողովրդին»,- քաղաքական մեծ բանավեճի ժամանակ անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին ու տնտեսության զարգացմանը նշեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ վերացվել է կոռուպցիոն տարածված տեսակներից մեկը՝ ընտրակաշառքը. «Կոռուպցիայի դեմ պայքարի համար պետք է քաղաքական կամք, մեր կառավարությունն ունի այդ կամքը: Այո, պետք է հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին գոյություն ունենա, որին ցանկացած պետական պաշտոնյա պարտավորված կլինի տալ լիազորագիր, որպեսզի իր գույքը աշխարցի ցանկացած երկրից կարողանան փնտրել: Որպեսզի որեւէ պաշտոնյա չկարողանա որեւէ գույք օֆշորում թաքցնել»,-ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է  տնտեսությանը, նա նշեց, որ 10 ամսում Հայաստանում կա 6,6 տոկոս աճ, արտահանումը աճել է 11 տոկոսով. «Հոկտեմբերին առաջին անգամ վերջին 10 տարում, արդյունաբերական արտադրանքի արտահանումը գերազանցել է հանքարդյունաբերական հումքի արտահանմանը: Սա շատ կարեւոր ցուցանիշ է: Գյուղմթերքի արտահանումն աճել է 61 տոկոսով, զբոսաշրջությունը՝ 8,8 տոկոսով»:

Նրան հակադարձեց ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ Փաշինյանի թիմը գալիս է ընտրությունների ոչ թե մասնագետներով, այլ մարդկանցով, որոնք ունեն գաղափարական միասնություն:

«Ես սա համարում եմ «դըմփ-դըմփ-հու» տնտեսություն: Դուք ընդունել եք երկիրը 10,5 տոկոս աճով, այսօր ունեք 6 տոկոս ու դրանով գլուխ եք գովում: Ներդրումների առումով երկիրն ընդունել եք 49 տոկոս աճով, հիմա 25 տոկոսի վրա եք: Արտահանումների ոլորտում 36 տոկոսից իջել եք 11,7 տոկոսի: Որոշ ոլորտներում աճ կա, բայց դինամիկան շատ վատն է: Գյուղատնտեսության ոլորտում խայտառակ վիճակ է, մինուս 8 տոկոս, մինչդեռ երբ երկիրն ընդունել եք, եղել է 2-4 տոկոս աճ: Այդպես է, որովհետեւ ձեզ սխալ են խորհուրդ տվել, պոպուլիստական մոտեցումների պատճառով Սեւանից ջուրը ուշ եք բաց թողել, հողը չորացել է: Կոռուպցիայի դեմ պայքարն էլ պետք է համակարգային լինի, որովհետեւ կապիտալը չի սիրում, որ իրեն անընդհատ բզում ես»: Իր խոսքը ընթացքում Վիգեն Սարգսյանը գրաֆիկներ էր ցույց տալիս, որոնք հիմնավորում էին իր ասած թվերը:

«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանի խոսքով՝ կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու լավագույն մեթոդը հզոր տնտեսություն ունենալն է, որը պարզ մաթեմատիկա է: «Անհնարին է որևէ ճյուղ ինքնուրույն վերցրած բարելավել, կոռուպցիան արմատախիլ անելու համար Մշակույթի նախարարությունը պետք է լավ աշխատի, Կրթության և գիտության նախարարությունը խնդիրներ դնի, Կառավարությունը թիմ է, և թիմի յուրաքանչյուր նախարար իր գործը, եթե անում է, նվազում է կամ հակառակը»,-ասաց նա և նշեց, որ ՀՀ-ն լուրջ երկիր կարող է լինել տարածաշրջանում, եթե համախմբվենք: «Բոլորս ներուժը գործադրենք երկիրը երկիր դարձնելու համար, ընտրությունների համար գումար չծախսենք, այլ գումար ներդնենք երկիրը զարգացնելու համար»,-ասաց նա:

«Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանի խոսքով՝ կոռուպցիան միայն կաշառք տալը չէ, այլ պաշտոնական լիազորությունների չարաշահումն է, նաև հովանավորչությունը: «Կոնկրետ պետք է լինի կանխարգելիք, համոզված եմ, որ շատ պաշտոնյաններ, ովքեր մարդկանց աշխատանքի են ընդունում և ընտրում են բարեկամին, դա օրինաչափ են համարում: Այսինքն՝ պետք է լայն սպեկտրով դիտարկենք կոռուպցիան և շատ աշխատանք ունենք»,-ասաց նա և նշեց, որ տնտեսությունը զարգացնելու համար բանկային վայրենի վաշխառուական համակարգի վերահսկողություն սահմանեն:

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության ցուցակը գլխավորող քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքով՝ ՀՀ-ի խնդիրներից մեկը արդիական պետականություն չունենալու մեջ է: «Պետական շինարարության հարցը պետք է դիտարկել արդիական պարամետրերի մեջ»,-ասաց նա և նշեց, որ պետք է զարգացնել ժողովրդավարությունը: Բացի այդ, ըստ նրա, օրենսդրությունը պետք է պարզեցնել:

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար կան ընդունված սկզբունքներ՝ ռիսկերի նվազեցում, արժանավայել եկամուտներ, մշակույթի փոփոխություն և այլն: «Բայց  ՀՀ-ի մասով պետք է նկատի ունենալ, որ կոռուպցիան եղել է կառավարման մեխանիզմ, այդ պատճառով պետք է արմատախիլ արվի մեխանիզմը, իսկ դրա առաջնային քայլը անցումային արդարադատությունն է և հանցավոր համագործակցությանը պատասխանատվության կանչելը»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին