Կարևոր իրադարձություններ

Արփինե Հովհաննիսյանն ապատեղեկատվութուն է տարածում. «Հայկական ժամանակը» պարզաբանում է

04 Դեկտեմբեր, 2018 22:11
Արփինե Հովհաննիսյանն ապատեղեկատվութուն է տարածում. «Հայկական ժամանակը» պարզաբանում է

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 3-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»:

Նա իրեն իրավունք է վարապահել հայտարարել, որ «Հայկական ժամանակ»-ը նախապես՝ մինչեւ իրավապահների համապատասխան հայտարարությունն արդեն գրել էր, որ կոռուպցիայի գործով ձերբակալվող պատգամավորը ՀՀԿ-ական Արամ Հարություննյան է:

Մասնավորապես, անդրադառնալով հարցին, թե ինչպես կքվեարկի, եթե ԱԺ նիստի օրակարգում դրվի Արամ Հարությունյանին մանդատից զրկելու հարցը, Հովհաննիսյանը պատասխանել է.

«Կքվեարկեի կողմ, եթե դատախազությունը ներկայացներ պատշաճ հիմնավորումներ առ այն, թե ինչու հենց այս պահին, ինչի համար, այդ որտեղ է հրատապությունը: Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ էր բարձրաձայնել այդ կոռուպցիոն դեպքի մասին եւ ասել էր, որ կալանավորելու են այդ մարդուն»:

Հաղորդավարի դիտարկմանը, որ Փաշինյան հայտարարել է, թե համապատասխան փաստաթուղթն է բացակայում՝ կալանավորման համար, Արփինե Հովհաննիսյանը շարունակում է.

«Խոսքն այն մասին է, որ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե հայտարարել էր այդ գործի մասին եւ եթե այդ անձը խուսափելու նպատակ ունենար, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը արդեն հայտնել էր, թե ում մասին է խոսքը, ուրեմն այդ մարդը կխուսափեր: Եթե դատախազը թույլ է տալիս իրեն մտնել արձակված Ազգային ժողով, ապա ես մտածում եմ, որ քաղաքական ենթատեքստ կա»,- նշել էր նա:

Ֆեյսբուքում մեկնաբանություն գրողներին աջ ու ձախ դատի տալու սպառնալիքներ հնչեցնող Արփինե Հովհաննիսյանին տեղեկացնում ենք, որ «Հայկական ժամանակ»-ն այս դեպքի մասին հրապարակում կատարել է միայն դեկտեմբերի 3-ին՝ վերահրապարակել ենք ՀՀ գլխավոր դատախազության կողմից տարածված հաղորդագրությունը, որի համաձայն դատախազությունը միջոնորդում է Արամ Հարությունյանին զրկել մանդատից:

Այս գործի հետ կապված եւս մեկ հրապարակում էլ կատարել ենք հոկտեմբերի 10-ին: Կրկին վերահրապարակել ենք մեկ այլ լրատվամիջոցի պատրաստած հոդված:Մասնավորապես, Factor.am-ը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից հետաքրքրվել էր, թե արդյո՞ք կալանավորվող պատգամավորն Արամ Հարությունյանն է: Ըստ էության մենք մեր վերահրապարակումով եւս հերքել էինք Արամ Հարությունյանի տարբերակը, քանի որ ՀՔԾ պետը բացասական պատասխան էր տվել:

Այս պարագայում անհասկանալի է, թե ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ինչ հրապարակում է ակնարկել: Պատրաստ ենք հերքել մեր այս հրապարակումը, եթե Հովհաննիսյանը մեզ տրամադրի ՀԺ-ում կամ armtimes.com-ում տպագրված մի հոդված, որով մենք պնդում ենք, թե Արամ Հարությունյանը կալանավորվելու է կամ վարչապետն իր մասին է ԱԺ-ում ակնարկել:

Եվ, եթե Արփինե Հովհաննիսյանն այդքան լավ է տիրապետում բոլոր պաշտոնյաների ընտանեկան բիզնեսներին, ապա զարմանալի է՝ ինչու՞ չի բարձրաձայնում, թե ՀՀԿ-ական ներկա եւ նախկին պաշտոնյաները ինչպես են ձեռք բերել իրենց գիշերային ակումբները, կազինոները, ռեստորանները, հյուրանոցները, դղյակները եւ ընդհանրապես՝ ահռելի ունեցվածքը:

 Մեր նշած հատվածը կարող եք դիտել 16:45-ից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին