Կարևոր իրադարձություններ

Հայաստանում դժբախտ պատահարներից 3 անգամ ավելի շատ տղամարդ է մահացել, քան կին

03 Դեկտեմբեր, 2018 22:00
Հայաստանում դժբախտ պատահարներից 3 անգամ ավելի շատ տղամարդ է մահացել, քան կին

2017 թվականին Հայաստանում մահվան դեպքերի 55.6 տոկոսը բաժին է ընկել սիրտ-անոթային հիվանդություններին: Այս մասին են վկայում Հայաստանի Վիճակագրական կոմիտեի «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» զեկույցում ներկայացված տվյալները:

2017 թվականին ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 27 157 դեպք (որից 51 տոկոսը բաժին է ընկնում տղամարդկանց, 49 տոկոսը՝ կանանց): Մահացության ընդհանուր կառուցվածքում առաջատար դիրքեր են գրավում սիրտ-անոթային հիվանդությունները՝ 15 106 դեպք կամ՝ 55.6 տոկոս, քաղցկեղը՝ 5550 դեպք կամ՝ 20.4 տոկոս, շնչառական համակարգի հիվանդությունները՝ 644 դեպք կամ՝ 6 տոկոս, մարսողական համակարգի հիվանդությունները՝ 1543 դեպք կամ՝ 5.6 տոկոս, էնդոկրինային համակարգի հիվանդությունները՝ 853 դեպք կամ՝ 3.1 տոկոս:

Մահվան, այսպես կոչված, արտաքին պատճառների հետեւանքով (դժբախտ պատահարներ, վնասվածքներ, թունավորումներ) մահացել են 3 անգամ ավելի շատ տղամարդիկ, քան կանայք՝ 782 ընդդեմ 260-ի:

2017 թվականին տղամարդկանց շրջանում կյանքի միջին տեւողությունը կազմել է 71.9 տարի, իսկ կանանց շրջանում՝ 78.7 տարի:

2017 թվականին ծնելիության ցուցանիշը 100 հազար բնակչին կազմել է 12.6, իսկ մահացության՝ 9.1: 2016-ին այս ցուցանիշները համապատասխանաբար կազմել են՝ 13.5 եւ 9.4: Անցյալ տարի ընդհանուր առմամբ լույս աշխարհ է եկել 37 700 երեխա, մինչդեռ մեկ տարի առաջ 40 592:

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 972.7 հազար մարդ, ինչը 13.4 հազարով պակաս է 2017 թվականի հունվարի 1-ի ցուցանիշից:

Հայաստանի մշտական բնակչության 47.4 տոկոսը կազմում են տղամարդիկ, իսկ կանայք՝ 52.6 տոկոս:

 

Լրահոս

Դիտել ավելին