Կարևոր իրադարձություններ

Սա այն ցանկալի քարոզարշավը չէր, որ կուզենայինք իրականացնել. Տիգրան Ավինյան

03 Դեկտեմբեր, 2018 17:18
Սա այն ցանկալի քարոզարշավը չէր, որ կուզենայինք իրականացնել. Տիգրան Ավինյան

«Ցավում եմ, որ այս քարոզարշավի ժամանակ ավելի քիչ ենք իրական ծրագրերի՝ մասնավորապես տնտեսության զարգացման մասին խոսում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Փոխվարչապետը դա բացատրում է նրանով, որ ՀՀԿ-ն ևս մասնակցում է ընտրություններին, և բոլորը սկսում են խոսել, հարցեր տալ ՀՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի  հակամարտության մասին. «Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ սա այն ցանկալի քարոզարշավը չէր, որ կուզենայինք իրականացնել, բայց ունենք այն, ինչ ունենք»:

Հարցին, թե ատելության խոսքի մակարդակը քարոզարշավին շատ բարձր է, Տիգրան Ավինյանն ասաց, որ դրա մասին խոսում է միայն մեկ քաղաքական ուժ, որն էլ նմանատիպ խոսքեր ասում է: «Ես չեմ տեսել որևէ այլ քաղաքական ուժի՝ ներառյալ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչների կողմից որևէ ատելության խոսք, ես լսել եմ շատ սուր, միգուցե կտրուկ քննադատություններ, որոնք յուրաքանչյուր քարոզարշավի ժամանակ հասկանալի են»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե հանրապետականներն ասում են, որ «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավին իրենց հաճախ է անդրադառնում՝ Տիգրան Ավինյանը դա բնական համարեց, քանի որ Հանրապետական կուսակցությունն, ըստ նրա, սովորական քաղաքական ուժ չէ: «ՀՀԿ-ն այն ուժն է, որը վերջին երկու տասնամյակում եղել է իշխանություն և տապալել է գրեթե բոլոր ոլորտները: Քանի որ ՀՀԿ-ի կողմից մեր ուղղությամբ անընդհատ կան մեղադրանքներ, դրանք պահանջում են որոշակի պատասխաններ: Եվ այդ պատասխանները տրվում են, և կարծում եմ, որ դրանք շատ համոզիչ են»,- նշեց Տիգրան Ավինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին