Կարևոր իրադարձություններ

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հիմնանորոգված նոր լաբորատորիայի շնորհիվ բարձրացվել է ՄԻԱՎ ախտորոշման ճշգրտությունը

03 Դեկտեմբեր, 2018 16:28
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հիմնանորոգված նոր լաբորատորիայի շնորհիվ բարձրացվել է ՄԻԱՎ ախտորոշման ճշգրտությունը

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հիմնանորոգված նոր լաբորատորիայի շնորհիվ բարձրացվել է ՄԻԱՎ ախտորոշման ճշգրտությունը, նվազագույնի հասցվել մարդկային գործոնը:

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:

Նրա խոսքով` նորաբաց լաբորատորիան երկրում միակ ՄԻԱՎ-ի հաստատման ռեֆերենսային լաբորատորիան է: «Այն տարածաշրջանում լավագույններից է: Լաբորատորիան վերանորոգվել է, հագեցվել նոր սարքավորումներով, արդիականացվել և համապատասխանում է ժամանակակից բոլոր չափանիշներին: Այն ապահովում է ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն, ախտորոշում, նաև բուժում ստացող պացիենտների լաբորատոր ցուցանիշների որոշում»,-նշեց կենտրոնի տնօրենը:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հավելեց, որ Հայաստանն աշխարհի այն չորս երկրներից մեկն է, որտեղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավաստել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը:

«Վերջին տարիներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացման արդյունքում կասեցվել է համաճարակի զարգացումը: Ներկայում ռիսկային վարքագիծ ունեցող խմբերից և ոչ մեկում ՄԻԱՎ-ի տարածվածությունը չի գերազանցում 5 տոկոսը, իսկ հղիների շրջանում այն զգալիորեն ցածր է 1 տոկոսից»,-ասաց Թորոսյանը:

Հանրապետությունում 2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3300 դեպք: ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը:

 

Լրահոս

Դիտել ավելին