Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազություն ստացված «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած տեղեկանքի և պահանջված լրացուցիչ այլ փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք 2009-2018 թվականների ընթացքում Ծրագրի ակնհայտ անարդյունավետ կառավարումը թաքցնելու, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված նպատակներին ու խնդիրներին համահունչ ծրագրի իրականացման պատրանք ստեղծելու խմբային շահերից և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ կամ չեն կատարել ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել քաղաքացիների, հասարակության և պետության օրինական շահերին, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
Մասնավորապես՝ շուրջ 9 տարի՝ նախատեսված ժամկետների խախտմամբ, չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները, չեն իրականացվել Ծրագրով ակնկալվող նպատակներն ու արդյունքները՝ կապված երթևեկության ժամկետի կրճատման, Հայաստանի հարավն անվտանգ, որակյալ և արագընթաց ճանապարհով հյուսիսի հետ կապելու, տնտեսության ու բիզնես կապերի զարգացմանը խթանելու և այլնի հետ: Գույքային առումով պետության օրինական շահերին պատճառված վնասը կազմել է 23.553.817.000 ՀՀ դրամ:
Նշված դեպքերի առթիվ 2018թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել էր քրեական գործ, որի մինչդատական քրեական վարույթն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունյում:
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով խատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ֆրանսիական կազմակերպության ծրագրի թիմի արտասահմանցի ղեկավարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին և նա քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ: