Կարևոր իրադարձություններ

Էջմիածնում` Մայր տաճարի պարիսպների և արագաչափերի վրա քարոզչական նյութեր են փակցված

03 Դեկտեմբեր, 2018 14:54
Էջմիածնում` Մայր տաճարի պարիսպների և արագաչափերի վրա քարոզչական նյութեր են փակցված

«Էջմիածնի քաղաքապետարանը զբաղվում է  մի շարք անթույլատրելի վայրերում փակցված նախընտրական պաստառների հեռացմամբ: Աշխատանքներր են տարվում, որ դա անեն հենց փակցնողները»,- Shabat.am- ի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյան:

 Նրա խոսքով՝ քաղաքապետարանը նախապես տեղյակ չի եղել և թույլտվություն չի տվել պաստառները անթույլատրելի վայրերում  փակցնելու համար:  Այնքան շատ են փակցված, որ ժամանակ է պետք բոլորը հեռացնելու համար և միայն քաղաքապետարանի  ուժերը բավարար չեն՝  դա անել արագ,- հավելեց նա:

Անդրադառնալով Մայր Տաճարի բակի արտաքին պարիսպներին փակցված բազմաթիվ պաստառներին Մարիամ Պողոսյանը նշեց, որ եկեղեցու տարածքի համար քաղաքապետարանը պատասխանատու չէ և այդ տարածքում փակցնելու համար որևէ մեկին պատասխանատվության ենթարկելու իրավասություն չունի:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի դիվան Տեր Վահրամը  Shabat.am-ին հայտնեց, որ պաստառները ամրացվել են հավանաբար գիշերով, որովհետև Մայր տաճարի հետ չի համաձանեցվել:

Հարցին, թե արդյո՞ք եկեղեցին միջոցներ ձեռնարկում է բակի տարածքից  դրանք հեռացնելու համար, Տեր Վահրամը պատասխանեց.

«Կարծում եմ պատկան կառույցները դրանով կզբաղվեն: Ես չեմ կասկածում, որ հաջորդ ընտրություններին պաստառներ նորից հայտնվելու են այդ պարիսպներին: Այն բոլոր ուժերը, որոնք փակցնում են այդ պաստառները, պետք է հասկանան դրա գռեհկությունը և գիտակցնեն,  որ ընտրություններից հետո կյանքը շարունակվում է»:

 

Լրահոս

Դիտել ավելին