Կարևոր իրադարձություններ

Փաշինյանին թվում է՝ պատգամավորին կալանավորելն իր «ջոկերն» է, որով կարող է չախել ՀՀԿ-ի նախընտրական արշավը․ Արմեն Աշոտյան

03 Դեկտեմբեր, 2018 13:15
Փաշինյանին թվում է՝ պատգամավորին կալանավորելն իր «ջոկերն» է, որով կարող է չախել ՀՀԿ-ի նախընտրական արշավը․ Արմեն Աշոտյան

Փաշինյանի սեղանին դրվել են մի շարք սոցիոլոգիական հետազոտություններ, որոնք վկայում են, որ վերջինիս վարկանիշը սրընթաց անկում է ապրում, որի համար Փաշինյանը մտահոգված է: Այս մասին ասյօր՝ դեկտեմբերի 3-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արմեն Աշոտյանը

«Փաշինյանի վարկանիշը հիմա կազմում է 72 տոկոս, անցած ամսվա համեմատ այն ընկել է 10 տոկոսով։ Նա հասկանում է, որ չնայած մեզ փորձում է թաղել, այնուհանդերձ իր քարոզչության տրամաբանությունը կառուցել է ՀՀԿ-ի շուրջ։ Սա պրիմիտիվ մանիպուլյացիա է։ Գոնե վարչապետը պիտի ներկայացներ երկրի տեսլականը։

Փաշինյանի վարկանիշն ընկնում է, քանի որ ՀՀԿ-ն բացում է մարդկանց աչքերը, որովհետեւ իրենց քարոզչությունը հիշեցնում է Փաշինյանի՝ ժողովրդին տրված խոստումները, որոնց մեծամասնությունը, ըստ Աշոտյանի, չի կատարվել եւ չի էլ կատարվելու»,- ասաց նա։

Աշոտյանն անդրադարձավ նաեւ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ուղարկել ԱԺ՝ պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար․

«Արամ Հարությունյանի հանդեպ գլխավոր դատախազությունը գործ է հարուցել եւ դիմել ԱԺ կալանքի թույլտվություն ստանալու համար։ Փաշինյանին թվում է՝ սա իր նախընտրական «ջոկերն» է, որով կարող է չախել ՀՀԿ-ի նախընտրական արշավը։ Բայց նրանք քաղաքական կարճատեսություն ունեն։ Սա ապացուցում է, որ հակակոռուպցիոն պայքարը մեծապես շոու է, նպատակ ունի վարկաբեկելու, փոքրացնելու քաղաքական մրցակիցների կշիռը»,- ասաց Աշոտյանը՝ նշելով, որ այս դեպքի մասին, առանց անուն տալու, Փաշինյանը խոսում էր դեռ ամիսներ առաջ, եւ ոչ ոք չէր խանգարում այդ որոշումը կայացնել մինչ ընտրարշավը․

«Սա զավեշտալի է։ ԱԺ այսօրվա կազմը գրեթե ամբողջությամբ քարոզարշավ է անում, եւ կասկածում եմ, որ քվորում կապահովեն, որ Արամ Հարությունյանը կալանավորվի։ Հաջորդ զավեշտը՝ Հարությունյանը չի առաջադրվել որպես թեկնածու, այսինքն՝ դեկտեմբերի 24-ից նա այլեւս ԱԺ պատգամավոր չի լինելու, եւ որեւէ նիստի կարիք չէր լինելու կալանավորելու որոշումը կյանքի կոչելու համար։ Դուք պահել եք այս գործը՝ բերելով այն նախընտրական քարոզչության վերջին շաբաթը, որ դարձնեք դրոշակ»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Փաշինյանը Արարատում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը՝ բնապահպանության նախկին նախարարը, կասկածվում է 14 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ: ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ուղարկել ԱԺ՝ պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին