Կարևոր իրադարձություններ

«ՀՀԿ-ն «Իմ քայլին» և կառավարությանը ներքաշելու է չդադարող անիմաստ խոսքակռվի մեջ»

02 Դեկտեմբեր, 2018 15:18
Հեղինակ՝ Հրանուշ Խառատյան
«ՀՀԿ-ն «Իմ քայլին» և կառավարությանը ներքաշելու է չդադարող անիմաստ խոսքակռվի մեջ»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՀԿ-ն, անընդհատ տրտնջալով իր դեմ ՛՛կիրառվող՛՛ ճնշումներից, վախի մթնոլորտից, լուսաբանման խտրականությունից և մեկուսացումից, չորս մարդով այնպիսի հզոր վիրտուալ փոթորիկ է ստեղծել Նիկոլ Փաշինյանի, և բացառապես Նիկոլ Փաշինյանի դեմ, որ վերջինիս հարկադրում է իր նախընտրական տեքստը կառուցել գլխավորապես ՀՀԿ-ի դեմ: ՀՀԿ-ին չեն հետաքրքրում ոչ ՛՛Իմ քայլը՛՛, ոչ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած մյուս կուսակցություները, ոչ հասարակության տագնապները և սպասելիքները, ոչ Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական բարդությունները: Հասկանալի է, որ ՀՀԿ-ն կորցնելու բան դեռ շատ ունի, և նույնիսկ 5-6 մարդով խորհրդարանում հայտնվելու դեպքում այնպիսի փոթորիկ է ստեղծելու կառավարության դեմ, որ երկրի խնդիրներով զբաղվելու փոխարեն խորհրդարանական մեծամասնություն ՛՛Իմ քայլին՛՛ և կառավարությանը ներքաշելու է չդադարող անիմաստ խոսքակռվի մեջ: ՀՀԿ-ն, այո, շատ մտահոգ է իր անձերի պաշտպանությամբ, և ոչինչ, ոչ բարոյական, ոչ իրավական, ոչ քաղաքական նկատառում նրա ներկայացուցիչներին չի շեղելու այս իր համար օրհասական պայքարից: Դա արդեն իսկ նրանց հաջողվում է: Ավելին, նրանք դրանց նորերն են ավելացնում, շարժվելով այն տրամաբանությամբ, որ ինչքան ավելանան այդ խնդիրները, այնքան իրենց ինքապաշտպանական շանսերը ավելանալու են: 
Պարզվեց, որ ՀՀԿ-ն չի կարող ընդդիմադիր լինել, ՀՀԿ-ն բացառապես իր քրեական անցյալը պաշտպանելու նպատակ ունի, ինչպես մինչ հեղափոխությունը պաշտպանում էր քրեական ներկան:

Տարօրինակ է, թե ինչպես կարող են "ճնշված", "վախեցած", "խտրականացված", "մեկուսացված" չորս մարդը այնպես լցնել նախընտրական մթնոլորտը, որ տեղ չթողնեն կոնկրետ քաղաքական և ծրագրային խնդիրների քննարկումների համար: Ամբողջ շաբաթն անցավ ՛՛հասեք, մեզ ճնշում են՛՛ի և ՛՛Արցախը վտանգի մեջ են ներքաշում՛՛ի պարզ, ոչնչով չհիմնավորված, բարձրակոչ շանտաժային հայտարություններով: ՀՀԿ-ին հաջողվում է խոսքահեղեղի մեջ ճարպկությամբ խուսափել Հայաստանի բնակչությանը վախի և հուսահատության հասցրած իրենց քաղաքականության պատասխանատվությունից: Հաջողվեց Նիկոլ Փաշինյանին ներքաշել հեղափոխության անհրաժեշտության հիմնավորումների բանախոսության մեջ, այն դեպքում, երբ հանրությունը դրա կարիքը պարզապես չունի: Հաջողվեց թույլ չտալ անդրադառնալու այնպիսի կարևոր խնդիրների, ինչպես տարածքային կառավարման համաչափությունը վերականգնելն է, աղետի գոտու, փախստականության, արտագաղթի, Հայաստանի գերշահագործվող և աղետալի վիճակի հասած բնական ռեսուրսների մոռացված խնդիրների լուծումներն են, հաջողվեց շրջանցել տալ նաև կարևորագույն՝ Հայաստանի խիստ անարդար արդարադատության խնդիրը: Մոռացվեց նույնիսկ իշխանության տարբեր թևերի հավասարակշռության խնդիրը: Սրանք ՀՀԿ-ի հանցագործությամբ կուտակված խնդիրներ են, որոց լուծումների քննարկումները խեղդվեցին "Նիկոլի հազի, սելֆիի ձողի և ուսապարկի" շուրջ բարձրացված խեղկատակության հեղեղում և հարավորություն են տալիս ՀՀԿ-ին հանրային իրական մտահոգությունները փոխարինել իրենց անձերի պաշտպանության հեռանկարով: Այս չորս մարդուն հաջողվեց՛ իրենց հետ բանավեճը ՛՛թույլատրել՛՛ միայն Նիկոլ Փաշինյանին, և Նիկոլ Փաշինյանը ընկավ այդ թակարդը, փոխանակ իսպառ շրջանցելու այն և շանս տալու իր թիմակիցներին նույնիսկ առանց ՀՀԿ-ն հիշատակելու խոսել հեղափոխության բերելիք քաղաքականության գլոբալ և ոլորտային ծրագրերի մասին:

Առջևում դեռ մեկ շաբաթ կա: Թող ՀՀԿ-ն շարունակի ինքն իրեն մերկացնել՝ իր բանախոսությունը կառուցելով "Նիկոլի պաշտամունքի" վտանգների շուրջ և ի ցույց դնելով իր քաղաքական գոյության հեռանկարի վտանգավորությունը: ՀՀԿ-ն Հայաստանի հասարակության հեռանկարի շուրջ ասելիք չունի, նրա խնդիրը իր անցյալի և անձային ինքնապաշտպանությունն է: Բայց ՛՛Իմ քայլը՛՛ ասելիք ունի, չէ՞: Ծրագրերով: Եվ հասարակությունն ուզում է դրանք լսել:

»

 

Լրահոս

Դիտել ավելին