Կարևոր իրադարձություններ

Որոշ քաղաքական ուժեր հասկացել են, որ այս ընտրությունները լինելու են իրենց մահվան արձանագրումը. Փաշինյան

01 Դեկտեմբեր, 2018 21:38
Որոշ քաղաքական ուժեր հասկացել են, որ այս ընտրությունները լինելու են իրենց մահվան արձանագրումը. Փաշինյան

Հայաստանում երբեք չի եղել Արցախի հարցում առավել պռոհայկական դիրքորոշում ունեցող կառավարություն, քան այսօր կա. այս մասին այսօր հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջին համար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը բաց է աշխատում և այս հարցում, ըստ էության մութ անկյուն չկա, ՀՀ-ում կան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր օրումեջ ասում են, որ հեղափոխությունը դավադրություն է Արցախի դեմ և մեր կառավարությունը դավադրություն է պատրաստում Արցախի դեմ:

«Երբ մարդիկ սուտ հայտարարություններ են անում՝ իրենք էլ իմանալով, որ սուտ հայտարարություն է, որ ՀՀ-ն զենք չի գնում, ես մտածում եմ՝ էս մարդիկ էս հայտարարություններն ինչի՞ են անում: Անկեղծ ասած՝ որևէ տրամաբանական բացատրություն չեմ գտնում, բացի նրանից, որ որոշ քաղաքական ուժեր հասկացել են, որ այս ընտրությունները լինելու են իրենց մահվան արձանագրումը:

Այդ մարդիկ, իրենց քաղաքական մոտալուտ մահը արձանագրելով, որոշել են քաղաքական սադրիչ հայտարարություններով, դավադիր պատերազմի հրձիգ դառնալ՝ հույս ունենալով, որ կկարողանան հրահրել դավադիր պատերազմ և այդ համատեքստում լուծել իրենց նեղ խմբային և անձնային շահերը: Սա շատ լուրջ վարկած է, որովհետև ես իրոք այլ բացատրություն չեմ կարողանում գտնել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ վարկածի ստուգմամբ և այդ հայտարարություններով այլևս պետք է զբաղվեն ԱԱԾ-ն և ռազմական հակահետախուզությունը:

«Որոշ մարդիկ վստահ քայլերով շարժվում են դեպի պետական դավաճանություն և ես չեմ վախենում այս հայտարարությունն անել:

Այսօրվա կառավարությունը և ՀՀ ժողովուրդը ունեն բավարար լծակներ, որպեսզի արմատախիլ անեն մեր ԶՈՒ թիկունքում քայքայիչ գործողություններ անելու փորձեր անող որոշ ուժերի»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ եթե որևէ մեկը ժողովրդական հեղափոխությունը, այսինքն՝ ժողովրդի կողմից ընտրված կառավարությանը կփորձի կասկածել որևէ հակազգային կամ հակապետական դավադրության մեջ, իրենք իրավունք կվերապահենք այդ մարդկանց կասկածել առնվազն օտարերկրյա ազդեցության գործակալներ լինելու մեջ:

Նա շեշտեց, որ Ղարաբաղի հարցի վերաբերյալ բազմիցս հրապարակային հայտարարություններ արել է, նույնիսկ իր շփումների վերաբերյալ մարդկանց ինֆորմացիա է տվել:

«ԼՂՀ-ում գտնվելու ընթացքում հրավիրել եմ Արցախի քաղաքական իշխանության և ԶՈՒ ներկայացուցիչներին, և նրանց, առանց որևէ մութ անկյուն պահելու պատմել եմ բանակցային գործընթացում տեղի ունեցածի ու իմ մտադրությունների մասին:ԱԺ ամբիոնից եմ ասել, հանրահավաքների հարթակից եմ ասել, հետաքրքրված քաղաքական ուժերին բաց, իրենց հետ խոսելով, ներկայացրել եմ ամեն ինչը: Հայտարարել եմ, որ չի կարող Ղարաբաղի հարցի որևէ լուծում լինել առանց Արցախի և ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտման:

Ասել եմ, որ քանի դեռ ԼՂՀ-ն ներգրավված չէ բանակցային գործընթացում, մենք չենք կարող համարել, որ հասել ենք հարցի լուծման վերջնական փուլին»,-ասաց նա՝ կրկնելով՝ Արցախի ժողովրդի անունից կարող է բանակցել միայն ԼՂՀ իշխանությունը:

Նա նշել է, որ Արցախի իշխանություններն իրենց գոհունակությունն են հայտնել իր արտահայտած դիրքորոշումների վերաբերյալ:

Լուսանկարը՝ Photolure

 

Լրահոս

Դիտել ավելին