Կարևոր իրադարձություններ

Ճանապարհային ոստիկաններն աշխատավարձի առումով համակարգի ամենաարտոնյալ ծառայողներն են

01 Դեկտեմբեր, 2018 16:19
Ճանապարհային ոստիկաններն աշխատավարձի առումով համակարգի ամենաարտոնյալ ծառայողներն են

Ճանապարհային ոստիկանների ստացած աշխատավարձն ամենաբարձրն է  ոստիկանության համակարգում: ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի հերթական նիստում այս մասին ասել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: 

«Աշխատավարձերի բարձրացման հարցը շատ կարևոր է: Իհարկե, դա կկանխարգելի կոռուպցիոն դրսևորումները։ Սակայն այն աշխատավարձը, որը ստանում է ՃՈ-ն, ոստիկանության ամենաբարձր աշխատավարձն է: Այդ դեպքում պարեկային ծառայողներն ինչ անեն, երբ մահակը կողքներին կախած փողոցներում գնում-գալիս են:  Ճանապարհային ոստիկաններն ամենաարտոնյալ ծառայողներն են մեր համակարգում»,-վստահեցրեց Օսիպյանը:

Ոստիկանապետի խոսքով մարտական հերթապահության մեկնած ոստիկանության զորքերը 110 000 դրամ աշխատավարձ են ստանում: Ոստիկանապետը նկատեց, որ նրանք այս եղանակին 14 օր կանգնում են մարտական դիրքում:  Այնինչ, ՃՈ ոստիկանների նվազագույն աշխատավարձը սկսում է 250 000 դրամից: «Համեմատական առումով դա շատ բարձր է: Ոստիկանները մեքենաների մեջ են ցանկացած եղանակի»,-ասաց Օսիպյանն ու  նկատեց, որ ճանապարհային ոստիկանի՝ որևէ հարցի մեջ ընդգրկվածությունը քիչ է՝ համեմատած մյուս ծառայողների:

«Քննիչը վտանգում է  իր կյանքը,  առողջությունը, կարգավորված չէ նրա օրակարգը, լիազորությունները, և ստանում է  ընդամենը 150 հազար դրամ աշխատավարձ: Նույնը համայնքային ոստիկանի դեպքում է: Օսիպյանը շեշտեց՝ ինքը դեմ չէ, որ ՃՈ աշխատավարձը բարձրանա, սակայն այս իրավիճակում համեմատական կարգով իրենք ապահովված են, քան մյուս աշխատողները:  Սակայն բարձրացումն, իհարկե, կարևոր է: Նա նկատեց՝  ակտերից գոյացած գումարներից ՃՈ աշխատավարձի բարձրացման նպատակը ևս եղել է կոռուպցիոն դրսևորումների կանխարգելումը:»,- ասել է Օսիպյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին