Կարևոր իրադարձություններ

Ինչու չի ստացվում Փաշինյանի հանդիպումները ռուս գործիչների հետ. «Ժողովուրդ»

01 Դեկտեմբեր, 2018 09:09
Ինչու չի ստացվում Փաշինյանի հանդիպումները ռուս գործիչների հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի ջանքերով ստեղծված «Լազարևյան ակումբը» երեկ անդրանիկ նիստն է անցկացրել Երևանում: Երկու օր տևող միջոցառումը բավական ներկայացուցչական է. այսօրվա նիստին ներկա կգտնվեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Իսկ երեկվա նիստին մասնակցել, անգամ ելույթ է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Այս ամենի համատեքստում հատկանշական էր «Լազարևյան ակումբի» նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը, չնայած նրան հրավիրել էին այդ միջոցառմանը: Կոստանտին Զատուլինը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, նշեց, թե Փաշինյանի մասնակցել-չմասնակցելու մասին իրենց հստակ պատասխան չի տրվել, սակայն հասկացրել են, որ նա «ավելի կարևոր գործեր ունի և զբաղված է»:

Խոսքը նախընտրական քարոզարշավի մասին է, և եթե նկատի ունենանք փաստը, որ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորելու և քարոզարշավ անցկացնելու համար արձակուրդ է մեկնել, միգուցե և նրա բացակայությունը կարելի էր հասկանալ: Բայց մյուս կողմից` նկատենք` զարմանալի զուգադիպությամբ Երևանում չի ստացվում Նիկոլ Փաշինյանի հանդիպումները ռուս գործիչների հետ, ընդ որում՝ չեն ստացվում հենց վարչապետի պատճառով: Ու սա այն դեպքում, երբ Փաշինյանը մշտապես խոսում է հայ-ռուսական հարաբերությունների` նոր մակարդակի վրա բարձրանալու մասին: Երեկ էլ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից նիստին ներկա էր միայն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, որը, սակայն, ելույթ չունեցավ:

Իսկ վարչապետ Փաշինյանը նախընտրական հավաքի ժամանակ խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին` ասելով, որ ողջունում է բոլոր այն հասարակական-քաղաքական-տնտեսական հարթակները, որոնց նպատակը ՀՀ-ի և ՌԴ-ի միջև երկխոսություն ծավալելն է. «Այո, ես միջազգային որևէ առաջնորդի հետ երևի այնքան հաճախ չեմ շփվում, որքան ՌԴ նախագահի հետ»,- ընդգծել է Փաշինյանը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին