Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզպետն անդրադարձել է Սևանա լճում արտոնագրային նոր կարգի սահմանման հարցին

21 Նոյեմբեր, 2018 22:12
Գեղարքունիքի մարզպետն անդրադարձել է Սևանա լճում արտոնագրային նոր կարգի սահմանման հարցին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ծովագյուղ համայնքի ղեկավարի, աշխատակազմի, ավագանու անդամների և բնակիչների հետ խոսել է արտոնագրային ձկնորսության ներկա վիճակի և նոր կարգի սահմանման անհրաժեշտության մասին՝ պատասխանելով բնակիչներից մեկի տված հարցին:

Ծովագյուղ համայնքի բնակիչը խնդրանքով դիմեց մարզպետին՝ սահմանել այնպիսի կարգ, որ արտոնագրային ձկնորսության ներկա կարգը փոխվի, իսկ դրանով զբաղվողները գրանցվեն և գործեն միայն օրինականության դաշտում: «Ծովագյուղում նկատվեց աշխատանքային եռանդ ու նպատակամղվածություն, ինչը բավականին հուսադրող է: Մենք ամեն կերպ կաջակցենք համայնքապետարանին՝ ընթացքի մեջ գտնվող ծրագրերը շարունակելու, նորերը սկսելու համար: Ինչ վերաբերում է արտոնագրային ձկնորսության նոր կարգի սահմանմանը, ապա պետք է ասեմ, որ այդ կարգն արդեն մշակված է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից եւ գործողության մեջ կդրվի եկող տարվանից:

 Ինձ համար վիրավորական է, որ մարզի ձկնորսները կրում են «ձկնագող» անունը: Մենք կհասնենք նրան, որ արտոնագրային ձկնորսությամբ զբաղվող մարդիկ գործեն միայն օրինականության դաշտում ու ձկների ձվադրման շրջանում ձեռնպահ մնան հակաօրինական գործողություններից: Այդ դեպքում, մի քանի տարիների ընթացքում, մենք Սեւանա լճում կունենանք սիգի արդյունագործական որսի բավարար պաշարներ: Նոր կարգը հավասար ու արդար կլինի բոլորի համար: Մենք կհասնենք նրան, որ նախատեսվածից փոքր տրամաչափի որսացանցեր չօգտագործվեն, որ ձվադրման շրջանում որսարգելքի ռեժիմը խստիվ պահպանվի: Նոր կարգի սահմանումով, կարծում եմ, ամեն ինչ կլինի հստակ ու թափանցիկ, ոչ մեկը դժգոհելու առիթ չի ունենա»,- ասել է մարզպետը:

 

Լրահոս

Դիտել ավելին